Երեքշաբթի, 15 Ապրիլի 2014 17:59
Արարատբանկի 2014 թվականի կորպորատիվ ռազմավարության մեջ հատկապես շեշտադրված է «business-women» գործունեությունը
ԱրմԻնֆո. Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, գործարար կանայք իրենց բիզնեսի զարգացման համար ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ դրամային վարկեր կստանան արտոնյալ պայմաններով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
«Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կանանց կամ այն բիզնեսներին, որոնցում 50 և ավելի տոկոս բաժնեմասը պատկանում է իգական սեռի ներկայացուցիչներին, ինչպես նաև այն տնտեսվարող սուբյեկտներին որոնց աշխատողների 60 տոկոսը կանայք են, առաջարկվում է մինչև 100 մլն դրամ բիզնես վարկեր` 12 տոկոս տարեկան դրույքաչափով և 5 տարի մարման ժամկետով:
Նշենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ 2014 թ.-ի կորպորատիվ ռազմավարության մեջ առանձնակի տեղ է հատկացված կանանց բիզնեսի զարգացմանը, և նրանց համար պարբերաբար մշակվում են տարբեր ակցիաներ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի տվյալների, ՓՄՁ վարկավորման գծով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ գտնվում է առաջատարների տասնյակում, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապահովելով 27,7 մլրդ.դրամ ծավալ (վարկային պորտֆելի 33%-ը), տարեկան կտրվածքով աճելով 8,5%: Նույն ամսաթվով բանկի մեծամասնական բաժնետերն է հանդիսանում նավթի առևտրով զբաղվող խոշորագույն «Ֆլեշ» ընկերությունը, որի մասնաբաժինը բանկի կանոնադրական կապիտալում կազմում է 69,24%: Այնուհետև հաջորդում են EBRD-ն` 25%+1 բաժնետոմս, ինչպես նաև Rural Impulse Fund II-ը (բելգիական Incofin Investment Management - Incofin IM խմբի անդամ)` 5%: