Ուրբաթ, 18 Ապրիլի 2014 17:44
Նույնիսկ փոխանցումների կտրուկ անկումը չի կարող խաթարել Հայաստանի ֆինանսական կայունությունը, կարծում են Կենտրոնական բանկում
ԱրմԻնֆո: Հայաստանի ԿԲ սթրես-թեստերի համաձայն, փոխանցումների (Ռուսաստանից ստացվող) 20% կտրուկ անկումը չի կարող խաթարել Հայաստանի ֆինանսական կայունությունը: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն կարող է գործել Ռուսաստանում տնտեսական կոնյունկտուրայի հնարավոր վատթարացումը: Նա, այդուհանդերձ, ավելացրել է, որ փոխանցումների կտրուկ անկումը կարող է հանգեցնել չաշխատող վարկերի ոչ մեծ աճի:
Ինչպես ընդգծել է Ա.Գրիգորյանը, Հայաստանի ֆինանսական համակարգը, ընդհանուր առմամբ, կարող է դիմակայել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ցնցումներին: Միևնույն ժամանակ, ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության մասին հաշվետվության համաձայն, աշխարհաքաղաքական իրադրությունը և համաշխարհային տնտեսության կոնյունկտուրան կարող են ազդել երկրի ընդհանուր ֆինանսական կայունության վրա, սակայն` աննշան չափով:
ՀՀ ԿԲ հաշվետվության համաձայն, վերջին տարիներին Հայաստանի ֆինանսական համակարգում հաջողվել է անցկացնել լուրջ դիվերսիֆիկացում. «Եթե մի քանի տարի առաջ մենք ֆինանսական համակարգը նույնականացնում էինք միայն բանկերի հետ, ապա այժմ բանկերի բաժինն ընդհանուր ֆինանսական համակարգում նվազել է վարկային կազմակերությունների և մյուս ֆինանսական ինստիտուտների թվի ավելացման հաշվին», - նշել է Ա.Գրիգորյանը: Նրա ասելով, ավելացել է նաև ֆինանսական միջնորդությունը ( վարկերի և ՀՆԱ հարաբերակցությունը): Այսպես, 2013 թվականի արդյունքներով Հայաստանի ֆինանսական համակարգի վակրային ներդրումների բաժինը ՀՆԱ կառուցվածքում գերազանցել է 40%-ը:
Հայաստանի ԿԲ նաև արձանագրում է մեծ մրցակցություն երկրի ֆինանսական համակարգում: Այսպես, Հայաստանում, ինչպես նշել է ԿԲ փորձագետը, Գերֆինդալ-Գիրշմանի ինդեքսը (օգտագործվում է ճյուղի մենաշնորհումը գնահատելու համար) 2010 թվականից սկսած 1000-ով ցածր է նշագծից (զուտ մենաշնորհի դեպքում ինդեքսը հավասար է 10 000-ի):
Հայաստանի ֆինանսական համակարգի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը, ՀՀ ԿԲ հաշվետվության համաձայն, 2013 թվականի արդյունքներով նվազել է մինչև 16%: Ա.Գրիգորյանը ճշգրտել է, որ ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի նվազագույն չափը սահմանվել է 12%: «Այդ նորմատիվի նվազումը կարող է պայմանավորված լինել երկու գործոնով` վարկային ներդրումների աճով կամ ակտիվների որակի վատթարացմամբ: Մեր պարագայում գործ ունենք ֆինանսական համակարգի վարկային պորտֆելի աճի հետ և այդ ցուցանիշի նվազումը պետք է դիտարկենք որպես դրական միտում», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԿԲ 2014 թվականին կանխատեսում է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի տեմպերի մինչև 7-9% դանդաղում` ավելի վաղ կանխաետսված 8-10%-ի դիմաց: 2013 թվականին մասնավոր ոչ առևտրային փոխանցումները ներհոսը Հայաստան կազմել է 1.9 մլրդ դոլար, մեկ տարվա վաղեմության ցուցանշի համեմատ ավելանալով 10,8%-ով, իսկ արտահոսքը հաշվետու տարում ավելացել է 10,9%-ով` մինչև 324.2 մլն դոլար: