Հինգշաբթի, 17 Ապրիլի 2014 16:02
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց Գեղարքունիքի մարզի իր մասնաճյուղերը
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց Սևանի, Մարտունու և Վարդենիսի իր մասնաճյուղերը, որոնք գտնվում են ք. Սևան, Սարգիս Սևանցու 11, ք. Մարտունի, Մյասնիկյան 47/1, ք. Վարդենիս, Ռոմանի 7 հասցեներով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մասնաճյուղերում վերանորոգման աշխատանքներից զատ իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որն ուղղված է հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:
Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ: Մասնաճյուղերը կսպասարկեն մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները:
«Այսօր կայացավ Բանկի ևս երեք վերանորոգված մասնաճյուղերի բացումը, ինչը մեր հաճախորդների համար կլինի լրացուցիչ խթան` սպասարկվելու առաջնակարգ բանկում: Մեր նպատակն է շարունակել լինել քաղաքացիների վստահելի ֆինանսական գործընկերը ինչպես առօրյա հոգսերում ու գործերում, ինչպիսիք են ծառայությունների վճարումը, դրամական փոխանցումները, այնպես էլ կարևոր որոշումներում, ինչպիսին է վարկային ռեսուրսներով խոշոր գնումների կատարումը»,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յու. Վ. Գուսևը:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: