Չորեքշաբթի, 7 Մայիսի 2014 16:51
Սպառողական վարկավորումը Հայաստանում հասել է 410 մլրդ.դրամի
ԱրմԻնֆո. Սպառողական վարկավորման ծավալը Հայաստանում 2014-ի ապրիլի 1 – ի դրությամբ կազմել 410 մլրդ դրամ, առաջին եռամսյակում ավելանալով 6,6%, տարեկան կտրվածքով`23.7 %: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, սպառողական վարկավորման մասնաբաժինը բանկերի և վարկային կազմակերպությունների ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 20.3%, տարեսկզբի` 19,6% - ի և նախորդ տարվա 18.5% համեմատ:
Սպառողական վարկավորման ընդհանուր ծավալում բանկային վարկերի ծավալը կազմել է 95,3 % կամ 390.7 մլրդ դրամ, վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը կազմել է 4.7 % կամ 19.2 մլրդ դրամ: Բանկային վարկերն առաջին եռամսյակում աճել են 6,9%, տարվա աճը` 23.7 %, իսկ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը եռամսյակում աճել է 2%, իսկ տարեկան կտրվածքով` 23,6 %:
Բանկային սպառողական վարկերի կառուցվածքում քարտային վարկերը կազմել են 35,8 % կամ 140 մլրդ դրամ, եռամսյակի աճը` 8.9 %, իսկ տարեկան կտրվածքով`37.4 %:
Ոսկու գրավադրումով վարկերի մասնաբաժինը կազմել է 26.1 % կամ 102 մլրդ դրամ: Ապառիկ եղանակով կենցաղային և համակարգչային տեխնիկայի գնման վարկերի մասնաբաժինը կազմել է 8.2 %, կամ 32.2 մլրդ դրամ, եռամսյակային աճը` 6,9%, իսկ տարեկան աճը`60.2 %: Ավտովարկավորման մասնաբաժինը կազմել է մոտ 5 % կամ 18,59 մլրդ դրամ, եռամսյակի աճը` 0.2%, իսկ տարվա աճը` 15.3 %:
Մինչդեռ, վարկային կազմակերպությունների սպառողական վարկերի կառուցվածքում ոսկու գրավադրումով վարկերի մասնաբաժինը կազմել է 15.5 % կամ 3 մլրդ դրամ է, առաջին եռամսյակի աճը`0.2%, իսկ տարեկան անկումը`4,5%:
Վարկային կազմակերպությունների կողմից ապառիկ եղանակով կենցաղային և համակարգչային տեխնիկայի գնման նպատակով տրամադրված վարկերի մասնաբաժինը 8.2 % կամ 1.6 մլրդ դրամ, եռամսյակի աճը` 16.7 %, իսկ տարեկան աճը` 8.7%:
Վարկային կազմակերպությունների կողմից ավտովարկավորման նպատակով տրամադրված վարկերի մասնաբաժինը կազմել է 2.2 % կամ 402,8 մլն դրամ, տարվա աճը` 36.2 %, իսկ ամսվա աճը` 3%: Քարտային վարկերի մասնաբաժինը վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելում չնչին է: (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 31.03.2014թ.դրությամբ կազմել է 413,31 դրամ / $):