Չորեքշաբթի, 7 Մայիսի 2014 19:05
Առաջին եռամսյակում ավանդները Հայաստանի բանկերում ավելացել են 2.2%, իսկ տարեկան աճը կազմել է 22.2%
ԱրմԻնֆո. Հայստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը 2014-ի առաջին եռամսյակում ավելացել է 2,2%, ապրիլի 1-ին կազմելով 1.648 տրլն.դրամ, տարեկան կտրվածքով ավելանալով 22,2 %:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանկային ավանդների կառուցվածքում դրամային ավանդները մարտի վերջին կազմել են 29.2 % կամ 481.4 մլրդ դրամ, առաջին եռամսյակում նվազելով 0,3%, իսկ տարեկան կտրվածքով` 25, 5%: Միևնույն ժամանակ, արտարժութային ավանդների ծավալը կազմել է 70.8 % կամ 1,166 տրլն. դրամ, եռամսյակում աճելով 3 %, իսկ տարվա աճը կազմել է 20.8%:
Ըստ աղբյուրի, բանկերի ավանդների ընդհանուր կառուցվածքում ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 27.5% կամ 453.4 մլրդ դրամ, առաջին եռամսյակում նվազելով 2.2%, իսկ աճը տարեկան կտրվածքով կազմել է 31.4 %: Ռեզիդենտների ավանդները կազմել են 72.5 % կամ 1,194 տրլն.դրամ, եռամսյակի աճը` 4%, իսկ տարեկան կտրվածքով` 19%:
Ռեզիդենտների ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 29.3 % կամ 350,3 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները` 70.7 % կամ 844,2 մլրդ դրամ: Ցպահանջ ավանդների եռամսյակում աճել են 2.4%, իսկ տարեկան աճը` 18.9%: Իսկ ժամկետային ավանդները եռամսյակում աճել են 4,6%, տարեկան աճը` 19%:
Հայաստանի բնակչության ավանդները բանկերում նույն օրվա դրությամբ կազմել են 808,5 մլրդ դրամ, առաջին եռամսյակի աճը` 2,3%, իսկ տարեկան կտրվածքով`18.1%:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, դրամային ավանդների տոկոսադրույքները մարտին կազմել են 6.87%, առաջին եռամսյակում նվազելով 3.55 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով`3.12 տոկոսային կետով (Դոլարի միջին փոխարժեքը 03.31.2014 թ դրությամբ կազմել 413,31 դրամ / $):