Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2014 17:10
ԿԲ նվազեցրել է Հայաստանի աշխատանքի շուկայի 2014-2017 թթ. կանախատեսումը
ԱրմԻնֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը նվազեցրել է Հայաստանի աշխատանքի շուկայի 2014-2017 թվականների կանախատեսումները, դանդաղեցնելով անվանական աշխատավարձերի աճի տեմպերը, միաժամանակ բարձրացնելով գործազրկության նախատեսված մակարդակը: Ըստ ԿԲ 2014 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, 2014 թվականին սպասվում է անվանական աշխատավարձերի 8.2% աճ, կանխատեսված` 11.6%-ի փոխարեն: 2015 թվականին աշխատավարձերը կաճեն 8%, իսկ 2016-2017 թվականներին` 7%:
ԿԲ նոր կանխատեսումը հիմնված է սպասվող տնտեսական աճի փոփոխությունների և, հակառակ կանխատեսումներին, աշխատավարձերի աճի տեմպերի փաստացի դանդաղման վրա: 2014 թվականին աշխատավարձերի սպասվող բարձրացումը կգերազանցի վերջին տարիներին արձանագրված միջին տարեկան ցուցանիշները: Դա պայմանավորված կլինի նվազագույն աշխատավարձի շեմը մինչև 50 հազար դրամ բարձրացնելով, մասնավոր ընկերություններում աշխատավարձերի բարձրացումով` կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման հետևանքով, ինչպես նաև պետական հատվածում աշխատողների աշխատավարձերի բարձրացումով` հիմնականում, ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում: 2015 թվականին աշխատավարձերի աճը պայմանավորված կլինի պետական հատվածում աշխատավարձերի բարձրացումով, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի շեմի հերթական բարձրացումով, իսկ 2016-2017 թվականներին աշխատավարձերը կբարձրանան տնտեսական աճի կանխատեսվող արագացման, գնաճի կայունացման և կառավարության` աշխատավարձերի բարձրացմանն ուղղված քաղաքականության շնորհիվ:
Ըստ նոր կանխատեսման, գործազրկության միջին մակարդակը տնտեսության աճի դանդաղ տեմպերի պայմաններում, 2014 թվականի արդյունքներով, 2013-ի համեմատ կբարձրանա 0.6%, կազմելով 16.8%: Նախկին կանխատեսումով գործազրկության միջին մակարդակը 2014-ի արդյունքներով, 2013-ի համեմատ պետք է բարձրանար 0.3 տոկոսային կետով, կազմելով 16.5%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, միջին ամսական աշխատավարձը Հայաստանում 2014-ի սեպտեմբերին կազմել է 171,254 դրամ, ավելանալով 2013-ի սեպտեմբերի համեմատ 8%, երրորդ եռամսյակում`2.7%: Աշխատավարձը պետական հատվածում մեկ տարում աճել է 10.8%, իսկ եռամսյակում` 8.35%, մինչև 154.565 դրամ: Մասնավոր հատվածում միջին աշխատավարձը կազմել է 194.125 դրամ, մեկ տարում աճելով 4,8%, իսկ եռամսյակում նվազելով 3%:
Գործազրկության մակարդակը Հայաստանում 2013 թվականին կազմել է 16.2%, 2012-ի 17,3% համեմատ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը հասել է 17,8%, երկրորդ եռամսյակում` 17,5%: Աշխատուժի թվաքանակը երկրում տարեսկզբին կազմել է 2 189.1 հազար, տարեկան անկումը` 3.2%: Տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը նույն ամսաթվի դրությամբ կազմել է 1 388.4 հազար մարդ, տարեկան անկումը` 2.1%:
Աշխատանք փնտրողների թիվը 2014 թվականի սեպտեմբերին կազմել է 70.8 հազար, տարեկան աճը` 5,8%, իսկ գործազուրկների թիվը հասել է 65,4 հազարի, տարեկան աճը` 17%: Գրանցված գործազուրկների թվում կանայք կազմել են 47.2 հազար, կամ 72.2% (տարեկան աճը`14%): Գործազուրկ տղամարդիկ կազմել են 18.2 հազար, որոնց թիվը մեկ տարում աճել է 25.5%: Գործազուրկների թվով առաջատարն է մայրաքաղաքը` 15.2 հազ. մարդ և Շիրակի մարզը` 10 հազար: Գործազուրների ընդհանուր թվում 7 հազար մարդ եղել է 16-24 տարեկան, 8.6 հազարը` 25-30 տարի: