Երեքշաբթի, 13 Հունվարի 2015 13:42
Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017 թ. հունվարի 1-ից 30 մլրդ. դրամ սահմանումը կապահովի կապիտալի մասշտաբի դրական էֆեկտ
ԱրմԻնֆո. Վերջին երկու տարիների ընթացքում բանկերի ոլորտի մասնագետների, միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում Կենտրոնական բանկի խորհուրդը բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017 թ. հունվարի մեկից սահմանել է 30 մլրդ ՀՀ դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ 2014 թվականի դեկտեմբերի 30-ի նիստում, փոփոխություն կատարելով «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում:
Խորհուրդը նշել է, որ կապիտալի նվազագույն չափի ավելացման պահանջը նպատակաուղղված է բանկերի միաձուլումների և միացումների իրականացմանը, ինչը կհանգեցնի բանկերի խոշորացմանը և կապահովի մասշտաբի դրական էֆեկտ` նպաստելով բանկային համակարգի կողմից ավելի որակյալ ու մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը և առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը:
Նշվել է նաև, որ միջոցառումը կհանգեցնի ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը և կայունության ամրապնդմանը: Այն բարենպաստ միջավայր կստեղծի նոր տեխնոլոգիաների և պրոդուկտների ներդրման համար՝ բարձրացնելով ՀՀ բանկային համակարգի գրավչությունը կապիտալի միջազգային շուկաների մասնակիցների շրջանում՝ հիմք ստեղծելով հարաբերությունների հետագա խորացման համար: Միջոցառումը կբարձրացնի բանկային համակարգի` տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակությունը և ճկունությունը, ինչպես նաև կնպաստի ֆինանսական միջնորդության խորացմանը:
Աղբյուրը նշում է, որ վերջին տարիներին բանկերի կապիտալի մակարդակի բարձրացման հարցը Կենտրոնական բանկի կողմից բազմիցս քննարկվել է բանկերի բաժնետերերի հետ: Բանկերում լրացուցիչ կապիտալի ներդրման պատրաստակամություն են հայտնել գրեթե բոլոր բանկերի բաժնետերերը` պայմանավորված Հայաստանի բանկային համակարգի գրավչությամբ և կայունությամբ, ինչպես նաև տարածաշրջանում իրենց հեղինակության բարձրացման և մրցակցային դիրքերի ամրապնդման հնարավորություններով: Քննարկումների արդյունքում մի շարք բաժնետերերի կողմից արդեն իսկ ներկայացվել են հայտեր և ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ կապիտալի համալրման և կոնսոլիդացիայի ուղղությամբ: Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկն այդ հարցի շուրջ քննարկումներ է ունեցել մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ևս բանկերի կապիտալում ներդրումներ կատարելու լուրջ հետաքրքրություն են ցուցաբերել և պատրաստակամություն են հայտնել նշված հարցում օժանդակել բանկերին:
Նշված փոփոխությունը հավասարապես վերաբերում է ՀՀ բանկային համակարգի բոլոր մասնակիցներին: Ընդ որում, կապիտալի նոր պահանջների ներդրման համար նախատեսված է բավարար ժամանակ, որպեսզի բանկերն իրենց գործունեությունը համապատասխանեցնեն սահմանված նորմատիվի պահանջներին:
Նշենք, որ սա ԿԲ կողմից 2014 թվականին կատարված միակ խստացումը չէր: Այսպես, դեկտեմբերի 17-ին ԿԲ խստացրեց արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը, 12%-ից բարձրացնելով մինչև 24%, ընդ որում, բանկերն այդ «պահուստները» պետք է ԿԲ-ում տեղաբաշխեն ՀՀ դրամով: Մինչ այդ, դեկտեմբերի 3-ին ԿԲ լոմբարդային ռեպոների տոկոսադրույքները 10.25%-ից բարձրացրել էր մինչ(և 21%: ԿԲ կուլմինացիոն քայլը դարձավ դեկտեմբերի 23-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը` 6.75%-ից մինչև 8.5%, որին զուգահեռ մինչև 20% իջեցվեց նաև արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը և լոմբարդային ռեպորների տոկոսադրույքները: Իսկ դեկտեմբերի սկզբին ԿԲ բավարարեց բանկերի դոլարային պահանջարկը, շուկայում ներարկելով երկարաժամկետ արտարժութային սվոպեր (3-6 ամիս ժամկետով):