Շաբաթ, 24 Հունվարի 2015 10:24
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխամասային գրասենյակի մոտ կայացել է Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը
ԱրմԻնֆո: Հունվարի 22-ին տեղի է ունեցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխամասային գրասենյակի պատին (Բայրոնի 1 հասցեով) տեղադրված 19-րդ դարի անգլիացի մեծ բանաստեղծ, ականավոր հայագետ և հայ ժողովրդի մեծ բարեկամ Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու պաշտոնական բացման արարողությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, հավատարիմ մնալով ավանդույթներին, իր սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում բանկը քանդակագործ Հայկ Թոքմաջյանի հետ ձեռնամուխ եղավ ևս մեկ մշակութային ծրագրի իրագործմանը: «Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների սերտացումը և անգլիացի մեծ բանաստեղծի ավանդը հայագիտության մեջ՝ մենք որոշեցինք լրացնել նման մեծ գործչի հուշարձանի բացակայությունը համանուն փողոցում, որտեղ գտնվում է մեր բանկի գլխամասային գրասենյակը», - հայտարարել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Կիսանդրու բացման առիթով Ջորջ Գորդոն Բայրոնի ծոռը՝ Լորդ Ռոբին Բայրոնը, շնորհակալական ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, ասվում է. «Անտարակույս, մեծագույն խանդավառություն է պատճառում այն հանգամանքը, ու Երևանի կենտրոնում՝ Բայրոնի փողոցում տեղադրվում է լորդ Բայրոնի կիսանդրին: Ես առաջին անգամ լորդ Բայրոնի հանդեպ հայերի խորին ակնածանքի մասին տեղեկացել եմ այն ժամանակ, երբ որոշվել էր 1988թ. երկրաշարժից Գյումրիի տուժած դպրոցը բրիտանական օժանդակությամբ վերակառուցելուց հետո անվանակոչել լորդ Բայրոնի անվան դպրոց: Շնորհավորում եմ այս նախագծում ներգրավված բոլոր մասնակիցներին և լավագույն մաղթանքներս եմ հղում բոլոր հայերին: Անհամբերությամբ ակնկալում եմ տեսնել կիսանդրին Երևան իմ հաջորդ այցելության ժամանակ»: Ռ.Բայրոնի ուղերձն ընթերցել է
Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:
Նշենք, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մաժորիտար բաժնետեր հանդես է գալիս եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% բաժնեմասով, մասնակցության մեծությամբ նրան հետևում է SJSC "Sacam International" բաժնետիրական ընկերությունը (Credit Agricole S.A խմբի անդամ)` 12,44%, որոնցից բացի կապիտալում ներկա են գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Բանկի նկատմամբ վստահության մասին է վկայում հաճախորդների բազայի 25 անգամ ավելացումը` հիմնադրման օրվանից ի վեր: Վերջին 10 տարիներին բանկի մասնայուղային ցանցը 5 անգամ մեծացել է և արդեն ունի 49 ստորաբաժանում (շուկայում երրորդ դիրքը), որոնք գտնվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: