Երկուշաբթի, 26 Հունվարի 2015 17:57
ՀՀ ֆինհաշտարար. Արձանագրվել է Ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոքների էական աճ
ԱրմԻնֆո. ՀՀ Ֆինանսական հաշտատարի գրասենյակի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց վճարված փոխհատուցումների ծավալը 2014 թվականին կազմել է 170.6 մլն.դրամ: 
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ֆինանսական հաշտատարի գրասենյակի մամուլի ծառայությունից, նշված գումարը վճարվել է 2014 թվականին գրասենյակի քննարկմանը ներկայացված 1069 գործերով: Նշվում է նաև, որ անցյալ տարի ներկայացված գործերից 208-ը դեռ չի քննարկվել:
Աղբյուրի համաձայն, նշված գումարի 82.6%-ը կամ 140.9 մլն.դրամը վճարել են ապահովագրական ընկերությունները, 14.2%-ը կամ 24.2 մլն.դրամը` բանկերը, 2.6%-ը կամ 4.5 մլն.դրամը` Ապահովագրողների բյուրոն, 0.5%-ը կամ 786.6 հազար դրամը` վարկային կազմակերպությունները: Գրավատները և վճարայաին կազմակերպությունները համապատասխանաբար վճարել են` 130 հազար և 13.4 հազար դրամ:
ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2014 թվականին ընդհանուր հաշվով քննարկել է  ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացված 1277 հայտ: Քննարկված հայտերի 77%-ը լուծվել է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների օգտին, ընդ որում, 61.1%-ը լուծվել է հաշտության միջոցով: Հայտերի մեծ մասն ուղղված է եղել ապահովագրական ընկերությունների դեմ` 1021 հայտ, բանկերի դեմ ուղղվել է 230 հայտ, Ապահովագրողների բյուրոյի դեմ` 14 հայտ, վարկային կազմակերպոթյունների դեմ`5 հայտ, վճարային համակարագերի դեմ` 4 հայտ և գրավատների դեմ` 3 հայտ:
Ընդհանուր առմամբ, ֆինանսական հաշտարարի գրասենյակն արձանագրվել է Ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոքների էական աճ`62%, հետևաբար, 50% աճել է նաև քննարկման վերցված պահանջների թիվը: Դա պայմանավորված է նրանով, որ գրասենյակը պարբերաբար կազմակերպում է իր ծառայություններ տարածման թեմայով քարոզարշավներ:
2009 թվականի հունվարի 24-ից մինչև 2015 թվականի հունվարի 22-ը ֆինանսական հաշտարարաի միջնորդությամբ փոխհատուցվել է 622.7 մլն.դրամ: Ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոքները կազմել են 8381 հայտ, որից քննարկման է վերցվել 2798-ը, իսկ քննարկված գործերի 70%-ը լուծվել է հաճախորդների օգտին:
Նշենք, որ ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը գործում է 2009 թվականից, որը մատուցում է անվճար ծառայություններ, որի դիմաց վճարում են ֆինանսական կազմակերպությունները: