Երկուշաբթի, 26 Հունվարի 2015 18:31
Երկու բանկեր և երկու ապահովագրական ընկերություններ 2014 թվականին ճանաչվել են ՀՀ ֆինհաշտարարի հետ լավագույն համագործակցող կազմակերպություններ
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսական հաշտարարը 2014թ.-ի արդյունքներով Հաշտարարի հետ լավագույն համագործակցող կազմակերպությունների կարգավիճակ է շնորհել երկու բանկերի և երկու ապահովագրական ընկերությունների:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ֆինանսական հաշտատարի գրասենյակի մամուլի ծառայությունից, լավագույն համագործակցող բանկ են ճանաչվել՝ «Արդշինբանկ» ՓԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, իսկ լավագույն համագործակցող ապահովագրական ընկերություն են ճանաչվել՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ և «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ:
Աղբյուրի համաձայն, այդ կազմակերպություններն ընտրելիս հիմք են ընդունվել մի շարք չափանիշներ, այդ թվում՝ գործերի քննման ընթացքում կազմակերպության համագործակցության որակը, քննած գործերի մեջ հաշտեցման ելքով գործերի տեսակարար կշիռը և այլն:
Անցյալ տարվա արդյունքներով ևս Հաշտարարը շնորհել է բանկային ոլորտի և ապահովագրական ոլորտի լավագույն աշխատակից պատվոգրերը, որոնց արժանացել են այն աշխատակիցները, ովքեր լավագույնս օժանդակել են Հաշտարարի կողմից գործի քննությանը: Լավագույն համագործակցող աշխատակիցներ են ճանաչվել` բանկային ոլորտում - «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնագետ Ռոզա Պեդանյանը, իսկ ապահովագրական ոլորտում - «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի իրավաբանական բաժնի պետ Մանե Մարտիրոսյանը:
Նշենք, որ ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը գործում է 2009 թվականից, որը մատուցում է անվճար ծառայություններ, որի դիմաց վճարում են ֆինանսական կազմակերպությունները: