Գործարար մթնոլորտն ավելի լավատեսական է շինարարության ոլորտի սպասումներում, իսկ արդյունաբերության ոլորտում պահպանվում է հոռետեսություն: Այս մասին է վկայում Գործարար մթնոլորտի ինդեքսի (ԳՄԻ) արդյունքների բարելավումը, որը 2015 թվականի առաջին եռամսյակում 48,2 միավորից հասել է 54,8 միավորի, նախորդ տարվա 55,9 միավորի փոխարեն:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, գործարար մթնոլորտը կայուն մակարդակից բարձր է գնահատվել միայն շինարարական հատվածում – 64 միավոր, նախորդ եռամսյակի 35,1 միավորի և 2014 թվականի առաջին եռամսյակի 53,4 միավորի փոխարեն: Իսկ մնացած ոլորտներում ԳՄԻ-ն տատանվում է կայուն մակարդակի սահմաներում, եռամսյակային բարելավումով, բացառությամբ արդյունաբերական հատվածի, որտեղ եռամսյակի գնահատականները 55-ից իջել են մինչև 53,5 միավոր, իսկ տարեկան կտրվածքով` 56,8 միավորից: Առևտրի հատվածում 2015-ի առաջին եռամսյակում տեղի է ունեցել բարելավում` 48,8-ից մինչև 50,9 միավոր (2014-ի 1-ին եռամսյակի 57,5 միավորի փոխարեն), ինչը գործարար մթնոլորտի սպասումներն արձանագրել է կայուն միջավայրի սահմաններում (45-55 միավոր): Իսկ ծառայությունների ոլորտում գործարար մթնոլորտն անցյալ տարվա երկրորդ եռամսյակի հոռետեսությունից հետո վերջապես բարելավվեց, 2015 թվականի առաջին եռամսյակում` 50,1-ից մինչև 53,3 միավոր, նախորդ տարվա 5,5 միավորի փոխարեն:
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականի առաջին եռամսյակից հրապարակում է Հայաստանում գործարար միջավայրի միասնական ցուցանիշը, որն իրենից ներկայացնում է գործարար ակտիվության (ԳԱԻ) և գործարար մթնոլորտի (ԳՄԻ) ինդեքսների ագրեգացիա: Երկրի տնտեսական իրավիճակի նոր ինդիկատորը կոչվում է – գործարար մթնոլորտի ինդեքս (ԳՄԻ) և հաշվարկվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (Organisation for Economic Co-operation and Development, OECD) մեթոդաբանության հիման վրա:
2013 թվականի առաջին եռամսյակից, տնտեսական ակտիվության ինդեքսը վերանվանվեց` գործարար ակտիվության ինդեքսի: Փոխվեց նաև բոլոր երեք բաղադրիչ` գործարար ակտիվության, բիզնես-մթնոլորտի և սպառողների վստահության ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը, որից հետո ինդեքսները ՀՀ ԿԲ կողմից հրապարակվում էին ոչ թե տոկոսներով (ինչպես մինչև 2013-ը), այլ միջինացված միավորներով, ըստ հարցվողների գնահատականների: Սպառողների վստահությունն իրենից ներկայացնում է դիֆոզիոն ցուցանիշ, որը հաշվարկվում է հարցվողների կողմից 6 հարցերին տրված պատասխանների միավորների միջինացումով: Միավորները տատանվում են 0-ից մինչև 100 տիրույթում, մասնավորապես, 0-ն վկայում է սպասելիքների վատթարացումը, 100-ը` բարելավումը, իսկ 50-ը`կայուն իրավիճակը: Որպես կայուն մակարդակ ԿԲ ընդունել է 45-55 միավորի տիրույթը: Հիշեցնենք, հարցումները որոնք ԿԲ անց է կացնում 2005 թվականից, կոչված են գնահատել ներկայիս տնտեսական իրավիճակը և սպասելիքները: