Երկուշաբթի, 11 Մայիսի 2015 22:04

ՎԶԵԲ ղեկավար. Եվրոբանկը մտադիր է մասնակցել հայկական բանկերի միաձուլման գործընթացին՝ նոր նորմատիվն ուժի մեջ մտնելու նախաշեմին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մտադիր է մասնակցել հայկական բանկերի միաձուլման գործընթացին՝ նոր նորմատիվն ուժի մեջ մտնելու նախաշեմին: Այս մասին մայիսի 11-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին:

«Ներկայումս այդ ուղղությամբ ակտիվորեն բանակցում ենք հայկական որոշ բանկերի հետ: Իսկ թե ո՞ր բանկերի հետ, այդ մասին կհաղորդենք մոտ ապագայում»,-հայտարարել է Ս.Չակրաբարտին:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Կենտրոնական բանկի պահանջի, 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվը, որի համաձայն այն պետք է կազմի 30 մլրդ.դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն: Կապիտալի նվազագույն չափի ավելացման պահանջը նպատակաուղղված է բանկերի միաձուլումների և միացումների  իրականացմանը, ինչը կհանգեցնի բանկերի խոշորացման և կապահովի մասշտաբի դրական էֆեկտ` նպաստելով բանկային համակարգի կողմից ավելի որակյալ ու մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը և առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը: Նշված միջոցառումը կհանգեցնի ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը և կայունության ամրապնդմանը: Այն բարենպաստ միջավայր կստեղծի նոր տեխնոլոգիաների և պրոդուկտների ներդրման համար՝ բարձրացնելով ՀՀ բանկային համակարգի գրավչությունը կապիտալի միջազգային շուկաների մասնակիցների շրջանում՝ հիմք ստեղծելով հարաբերությունների հետագա խորացման համար: Միջոցառումը կբարձրացնի բանկային համակարգի` տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակությունը և ճկունությունը, ինչպես նաև կնպաստի ֆինանսական միջնորդության խորացմանը: 2014 թվականի տվյալներով` միայն հինգ հայկական բանկերի ընդհանուր կապիտալն է համապատասխանում և գերազանցում նոր պահանջը, իսկ չորս բանկերի կապիտալը 10 մլրդ դրամից քիչ է։ Այսօր Հայաստանում է գործում է 21 առևտրային բանկ և Համահայկական բանկը։ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2014 թվականի վերջին կազմել է 1.029 մլրդ.դոլար, իսկ զուտ շահույթը նվազել է 35%, մինչև 57.2 մլն.դոլար:

Նշենք, որ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՎԶԵԲ-ը մասնակցում է Հայաստանի 4 բանկերի կապիտալներին, դրանք են՝ Հայէկոնոմբանկը՝ 25%, Արարատբանկը՝ 25%, ԲիբլոսԲանկԱրմենիան՝ 25% և ՊրոԿրեդիտԲանկը՝ 10.83%: 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Եվրոբանկը դուրս է եկել ՊրոԿրեդիտԲանկի կապիտալից, իսկ Հայէկոնոմբանկի կապիտալում իր մասնաբաժինը հասցրել է 20%-ի: ՎԶԵԲ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1992 թվականին և երկրում իրականացվող 135 ծրագրերում արդեն ներդրել է 900 մլն.եվրո, ընդ որում, նշված ներդրումների 87%-ն ուղղվել է մասնավոր հատվածին: