Հինգշաբթի, 21 Մայիսի 2015 19:29

Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2015 թվականի առաջին եռամսյակում աճել են 0.1%

Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2015 թվականի առաջին եռամսյակում աճել են 0.1%, ապրիլի 1-ին կազմելով 1.492 մլրդ.դոլար (գերիշխող արտարժույթով): Ըստ ՀՀ Կենտրոնական բանկից ԱրմԻնֆո-ին տրամադրված տվյալների, այս ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է 24.3%:

Ըստ աղբյուրի, միջազգային պահուստներում զուտ արտաքին ակտիվները (գերիշխող արտարժույթով) առաջին եռամսյակում աճել են 1,8%, մինչև 937,8 մլն.դոլար: Տարվա ընթացքում այս ցուցանիշը նվազել է 30%: Միևնույն ժամանակ, փոխառության հատուկ իրավունքների (SDR) չափը  ԱՄՀ-ում նույն օրվա դրությամբ կազմել է 660,8 հազ.դոլար (477.6 հազ. SDR), առաջին եռամսյակում նվազելով 9,4 անգամ, տարեկան աճը` 18.6%:

Հիշեցնենք, որ 2014 թ-ին Հայաստանի միջազգային պահուստները կրճատվել են 34%, մինչև 1,489 մլրդ.դոլար, որոնց կառուցվածքում արտարժույթով ակտիվները կրճատվել են մինչև 1,483 մլրդ.դոլար: SDR-ը ԱՄՀ-ում 2014-ին աճել է ավելի քան երեք անգամ, մինչև 6,2 մլն.դոլար, ընդ որում, այս ցուցանիշը տարվա ընթացքում մշտապես տատանվել է:

Նշենք, որ բանկային ոսկու բաժինը Հայաստանի միջազգային պահուստներում զրոյացվել էր դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: