ՀՀ Կենտրոնական բանկը մտադիր է իրականացնել համապատասխան միջոցառումներ`բանկերի վարկային պորտֆելներում առկա չաշխատող վարկերի (NPL) տեսակարար կշռի աճը զսպելու համար: Այս մասին մայիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության և ֆինանսական համակարգի զարգացման վարչության ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, NPL-ներ են արձանագրվել ինչպես բանկերի վարկային ընդհանուր պորտֆելներում, այնպես էլ առանձին ոլորտներում, բացառությամբ տրանսպորտի և կապի ոլորտի:
«Այնուամենայնիվ, վարկային պորտֆելի որակի վատթարացումից բխող ռիսկերը կառավարլի են: ԿԲ մտադիր է նվազեցնել NPL-ի աճի հնարավոր բացասական ազդեցությունը, ելնելով բանկային համակարգի կայունության անհրաժեշտությունից »,-նշել է Ա.Գրիգորյանը: Նրա խոսքով, նման վարկերի մասնաբաժինը կազմել է 6.8%, նախորդ տարվա 4.5%-ի փոխարեն:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, բանկերի միագումար վարկային պորտֆելում (առանց միջբանկային վարկերի և ավանդների), ժամկետանց վարկերի մասնաբաժինը 2015 թվականի հունվարի 1-ին կազմել է 8,1% (2013-ի 4-րդ եռամսյակի 5.2%-ի և 2012-ի 4-րդ եռամսյակի 4.8%-ի փոխարեն), ընդ որում, այս ցուցանիշը երեք բանկերում տատանվում է 18-32% միջակայքում (ընդունելի միջազգային սահմանը` 10-15%), իսկ պահուստների հնարավոր կորուստների մասնաբաժինը շարունակում է աճել, մեկ տարում - 2.1%-ից մինչև է 2.8% (յոթ բանկերում այն կազմում է 3-6%): Իրական վարկային ներդրումների ծավալը 2015 թվականի հունվարի 1-ին կազմել է 2.3 տրլն.դրամ ($ 4.8 մլրդ) կամ ակտիվների 66.6%-ը, իսկ պահուստների հնարավոր կորուստների հետ միասին` 2,2 տրլն.դրամ, ընդ որում, պահուստները տարեկան կտրվածքով աճել են 63%, իսկ 3-ամյա կտրվածքով` ավելի քան 2 անգամ: