Հայաստանի ՀՆԱ դինամիկան 2015 թ. արդյունքներով կարող է տատանվել մինուս 0,5%-ից մինչև պլյուս 2% դիապազոնում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կանխատեսում է արել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
ՙ2% աճի հնարավոր է հասնել այն դեպքում, եթե ընդհանուր տնտեսական վիճակը կայուն լինի, տարին շարունակի նպաստավոր մնալ ագրոհատվածի համար, և եթե կառավարությունը չվերանայի նպատակադրված գերակայությունները՚,- գտնում է տնտեսագետը: Նրա կարծիքով, գլոբալ տնտեսական անորոշության պայմաններում ավելի կոռեկտ կլիներ ներկայացնել ՀՆԱ-ի գծով ինտերվալային կանխատեսումներ, քանի որ հետագայում փաստացի տվյալների և կանխատեսային ստույգ գնահատականների հստակ համընկնումը քիչ հավանական է:
Համաշխարհային բանկի վերջին կանխատեսման համաձայն, Հայաստանի տնտեսական աճը 2015 թ. կկազմի 0,8%`ավելի վաղ սպասվող 3,3%-ի փոխարեն: Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է Հայաստանի տնտեսության լճացում`ավելի վաղ կանխատեսված 1% անկման փոխարեն: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը նվազեցրել է կանխատեսումը զրոյական մակարդակից մինչև մինուս 1.5%: Ասիական զարգացման բանկւ կանխատեսում է 2015 թ. Հայաստանի ՀՆԱ-ի մինչև 1,6%, իսկ Եվրասիական զարգացման բանկը`0,8% աճ: Fitch վարկանիշային գործակալությունն ակնկալում մեղմ ռեցեսիա, իսկ Moody’s գործակալությունը կանխատեսում է 2,3% աճ:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսման, 2015 թվականին Հայաստանի տնտեսական աճը կարագանա մինչև 1,6-2,6%` նախկինում կանխատեսված մինչև 0,4-2% դանդաղման փոխարեն: 2016-ին տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն` 1.4-2.8% սահմաններում, իսկ 2017-ին կհասնեն 3.4-5%-ի: ՙՀայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին՚ օրենքով երկրի ՀՆԱ-ի իրական աճը նախատեսված է 4.1%, իսկ գնաճը` 4% (+ 1.5%), ՀՆԱ-ի դեֆլյատորը` 3,3%: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2015 թ. մայիսին բարձրացել է 7,1%-ով, 2014 թ. մայիսի համեմատ` 2,8%-ով, իսկ 2015 թ. հունվար-մայիսին 2014 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ` 2,7%-ով: