
Արմինֆո. Air Armenia-ն 68.6 մլն դոլար է ստացել «East Prospect Fund» հիմնադրամից` ավիաընկերության բաժնետոմսերի 49%-ի դիմաց: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Air Armenia-ից: Աղբյուրի համաձայն, ստացված միջոցները դառնում են ավիաընկերության սեփականությունը և կարող են կիրառվել ըստ անհրաժեշտության և նպատակի: Իրականացված գործարքի արդյունքում Air Armenia-ն ձեռք է բերել երաշխիքային միջոցներ, ինչը բարձրացնում է ավիաընկերության բաժնետոմսերի արժեքը: «Գործարքի գլխավոր ձեռքբերումն այն է, որ այսուհետև ավիաընկերությունն ապահովագրված կլինի սնանկացման վտանգից և այլ ռիսկային իրավիճակներից», - նշել են ավիաընկերությունում:
Հիշեցնենք, որ Air Armenia-ի բաժնետոմսերի 49%-ը «East Prospect Fund» ներդրումային հիմնադրամին վաճառելու շուրջ համաձայնագիր էր ստորագրվել 2014 թվականի դեկտեմբերի 19-ին: Ավելի վաղ Երևանում մամուլի ասուլիսում հիմնադրամի կառավարիչ Վլադիմիր Բոբիլևը հաղորդել էր, որ Air Armenia-ի նոր բաժնետերը մտադիր է 30 մլն դոլասր ներդնել ավիաընկերությունում: «Սակայն մենք այդ գումարով չենք սահմանափակվում: Մենք նախնական պայմանավորվածություն ունենք ընկերությունում նոր օդանավեր ներգրավելու շուրջ: Կա ընկերության վերակառուցման հստակ ծրագիր, նոր բիզնես-ծրագիր», - ասել էր Բոբիլևը: Նրա ասելով, Հիմնադրամն ընտրել է հատկապես Air Armenia-ն, քանի որ, նախ, լայն իմաստով հավատում է Հայաստանի բարգավաճմանը` որպես պետություն, իսկ նեղ իմաստով` ավիաընկերությունը բավականին հեռանկարային է:
Հոկտեմբերի վերջին Air Armenia-ի ղեկավարությունը որոշել էր քայլեր ձեռնարկել ֆինանսների վերաձևակերպման և թռիչքների ժամանակացույցերի փոփոխման ուղղությամբ: Ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սնանկացման ընթացակարգի մեկնարկից հետո (2013 թ. ապրիլի 1) Air Armenia-ն, որը մինչ այդ իրականացնում էր չարտերային բեռնափոխադրումներ դեպի ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ, ձեռնամուխ եղավ ուղևորափոխադրումների իրականացմանը: