Արմինֆո. Հայաստանի բանկերին հարկավոր է աշխատել դիստանցիոն սպասարկման անվտանգության ապահովման շուրջ, հոկտեմբերի 30-ին բանկերի /HSBC և Ամերիաբանկ/, հեռահաղորդակցական ընկերությունների /Beeline և Ucom/, պրովայդերների և ՏՏ փորձագետների միջև պանելային քննարկման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՏՏ ոլորտի հայտնի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Պանելային քննարկման կազմակերպիչն է Ամերիաբանկը:
ՙՀայկական որոշ բանկերի օնլայն ծառայությունները լուրջ թերամշակումներ ունեն և հեշտությամբ կարող են հակերների հարձակման զոհ դառնալ՚,- նշել է նա: Փորձագետը գտնում է, որ հայկական բանկերի ծրագրերը, որոնք ապահովում են դիստանցիոն բանկինգի ծառայությունները, խոցելի են հաճախորդների մասին տեղեկատվության արտահոսքի և դրամական միջոցների հափշտակման առումով: ՙՇուկան առայժմ փոքր է, այդ պատճառով առանձնակի հետաքրքրություն չի ներկայացնում հակերների համար, սակայն այն դինամիկ կերպով զարգանում է, և ինտերնետային խարդախների համար գրավիչ կդառնա ավելի շուտ, քան մտածում ենք՚,- նշել է փորձագետը՝ հիշեցնելով վերջերս գրանցված ֆիշինգի դեպքերի մասին:
ՙԲացի այդ, սովորական օգտատիրոջ համար դրանք չափազանց բարդ են. վեբ-ինտերֆեյսը, կարծես, գրված է հաշվապահների համար: Մի ժամանակ ես հաշվապահ եմ աշխատել, բայց նույնիսկ ինձ դժվար է գլուխ հանել այդ տերմինաբանությունից՚,- ասել է Ս. Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, նման թերությունները վկայում են այն մասին, որ բանկերն անպատասխանատու են վերաբերում իրենց իսկ դիստանցիոն ծառայությունների անվտանգությանը, և այդ առումով աշխատելու բան ունեն:
Ընդհանուր առմամբ Հայաստանում դիստանցիոն բանկային սպասարկման տարածմանը խոչընդոտող հիմնական խնդիրները, բնակչության ցածր եկամուտներից բացի, կապված են քաղաքացիների անվստահութան և նրանց իրազեկվածության ցածր մակարդակի հետ: