Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2015 15:40
Ալեքսանդր Ավանեսով

Արտահանման ապահովագրական գործակալությունն ապահովագրեց «Մարան» ընկերությունը, որը մտադիր է գինի արտահանել Ռուսաստանի Դաշնություն

Արտահանման ապահովագրական գործակալությունն ապահովագրեց «Մարան» ընկերությունը, որը մտադիր է գինի արտահանել Ռուսաստանի Դաշնություն

Արմինֆո. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն  ապահովագրեց «Մարան» ՍՊԸ արտադրության գինու արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Գործակալության մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, համապատասխան պայմանագիրը ստորագրվեց կողմերի միջև սույն թվականի նոյեմբերի 17-ին։ Ապահովագրությամբ ծածկվում է «Մարան» ՍՊԸ գնորդ ընկերության կողմից մատակարարված ապրանքի դիմաց չվճարումը՝ պայմանավորված առևտրային (անվճարունակություն, սնանկություն կամ առանց իրավական հիմնավորման վճարումից հրաժարում) և քաղաքական (վարչական որոշումներ, առևտրի և միջազգային փոխանցումների սահմանափակումներ,  բնական աղետներ և ֆորս-մաժոր) ռիսկերով։

Ընկերության արտահանման ապահովագրության պայմանագրի ապահովվածությամբ «Մարան» ՍՊԸ-ն ստացել է նաև նախաարտահանման ֆինանսավորում ՀՀ տարածքում գործող առևտրային բանկից՝ այն ուղղելով արտահանման պայմանագրով նախատեսված արտադրանքի պատրաստման համար ծախսերի կատարմանը։

Նշենք, որ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում:

Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է: