Չորեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2015 16:58
Ալեքսանդր Ավանեսով

Էներգետիկայի նախարար. Հայաստան դեպի Եվրոպա գազատարի կառուցման նախագծին մասնակցելու հրավեր չի ստացել Իրանից

Էներգետիկայի նախարար. Հայաստան դեպի Եվրոպա գազատարի կառուցման նախագծին մասնակցելու հրավեր չի ստացել Իրանից

Արմինֆո. Հայաստան դեպի Եվրոպա գազատարի կառուցման նախագծին մասնակցելու հրավեր չի ստացել Իրանից:

Այդ մասին Երևանում հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակներում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին: Նրա խոսքով, այդ նախագիծը միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում չի քննարկվի: ՙՀենց որ համապատասխան հրավեր ստանանք, անմիջապես կիրազեկենք այդ մասին հասարակայնությանը՚,- նշել է նախարարը:

Նշենք, որ ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում Երևանում ԻԻՀ՝

այժմ արդեն նախկին դեսպան Մոհամադ Ռեիսին նշել էր, որ եթե Եվրոպա իրանական գազի մատակարարումների շուրջ քննարկումներ սկսվեն, որպես կարճ, անվտանգ և տնտեսապես շահավետ երթուղի կարող է դիտարկվել Հայաստանի տարածքը:

Ընթացիկ տարվա ապրիլին Իրանի ազգային գազի ընկերության արտաքին կապերի հարցերով տնօրեն Ազիզոլահ Ռամազանին հայտարարել էր, որ Իրանը Հայաստանին տարանցիկ երկիր է դիտարկում՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով երթուղով

Նման նախագծի արժեքը տատանվում է 7-8 մլրդ դոլար, սակայն ծրագրի արժեքը չի կանգնեցնում ԻԻՀ-ին, քանի որ խոսքը կարող է վերաբերել եվրոպացի սպառողներին տարեկան մինչև 30 մլրդ խմ գազի մատակարարումներին:

Այնուամենայնիվ, Հայաստանով գազատարի երթուղին առայժմ հնարավոր տարբերակներից մեկն է համարվում: Միջազգային պրակտիկան վկայում է, որ տարանցման երկիրն ստանում է արտահանվող երկնագույն վառելիքի ամբողջ ծավալի 10%-ը, իսկ դա ոչ ավել, ոչ պակաս 3 մլրդ խմ անվճար գազ է: Համեմատության համար՝ այսօր Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ստանում է 2,5 մլրդ խմ՝ գումարած 300-450 մլն խմ Իրանից՝ էլեկտրաէներգիայի փոխարեն: