Չորեքշաբթի, 20 Հունվարի 2016 17:56
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կստեղծվի արտաբյուջետային ֆոնդ, որը կապահովի թափանցիկությունը հանքարդյունաբերության ոլորտում

Հայաստանում կստեղծվի արտաբյուջետային ֆոնդ, որը կապահովի թափանցիկությունը հանքարդյունաբերության ոլորտում

Արմինֆո. ՀՀ կառավարության աշխատակազմին կից կստեղծվի արտաբյուջետային ֆոնդ, որը կապահովի թափանցիկությունը հանքարդյունաբերության ոլորտում: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 20-ի նիստում:

Ներկայացնելով որոշման նախագիծը, կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ ֆոնդը կհամալրվի Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության միջոցներով և նախատեսված է առաջիկա 2 տարիների համար: Մասնավորապես, 2015 թվականի նոյեմբերի 12-ից մինչև 2017 թվականի հուլիսի 11-ը ֆոնդին կտրամադրվի 256 205 դոլար, որից 254 650 դոլարը կլծախսվի 2016 թվականին, իսկ 101 505 դոլարը` 2017 թվականին: Ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ կառավարությանը` հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության խթանման գործում: Բացի այդ, ծրագրով նախատեսվում է թվայնացնել «Հանրապետական երկրաբանական ֆոնդե ՊՈԱԿ-ում առկա ֆոնդային նյութերը, ինչպես նաև իրականացնել Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI/ԱՃԹՆ) միանալուն ուղղված նախապատրաստական քայլերը:

Ավելի վաղ բնապահպանները, քաղաքական գործիչները, տնտեսագետները բազմաթիվ անգամ իրենց մտահոգությունն էին արտահայտել հեռնահումքային ոլորտի արտադրության և շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության առնչությամբ: Կոմերցիոն տեղեկատվության նկատմամբ մատչելիության պակասը հաճախ էր ծնում բազմաթիվ լուրեր և ասեկոսեներ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի կեսերին ՀՀ կառավարությունը հայտարարել էր Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI/ԱՃԹՆ) Հայաստանի միանալու նպատակահարմարության մասին: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնի տնտեսագետ, Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ջրբաշյանը տեղեկացրել է, որ կառավարության կողմից այդ նախաձեռնությանն օժանդակելը կարող է նպաստել հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետությանը և պետական քաղաքականության մշակման գործընթացում պետություն-հանրություն համագործակցության խորացմանը:

EITI –ի նպատակն արդյունահանող ճյուղերի թափանցիկության  ապահովումն է, ինչպես նաև կառավարման որակի բարձրացումը` հաշվետվությունների պարբերական հրապարակումների, ստանդարտների պահպանման և ինստիտուցիոնալ ներուժի ամրապնդման միջոցով: Նախաձեռնության շրջանակներում հանքարդյունահանող ընկերությունները պետք է հրապարակեն տեղեկություններն իրենց հարկային և ոչ հարկային վճարների մասին, իսկ կառավարությունները պետք է հրապարակեն իրենց կողմից ստացված եկամուտների մասին հաշվետվությունները, ինչը երկրների խորհրդարաններին թույլ կտա վերահսկել ընկերությունների, ինչպես նաև կառավարությունների գործունեությունը: Նման քաղաքացիական վերահսկողությունը ոչ միայն կդժվարացնի չարաշահումները տվյալ ոլորտում, այլ նաև կնպաստի երկրների ավելի արդյունավետ զարգացմանը, տնտեսական պայմանների բարելավմանը և օտարերկրյա ուղղակի ներդրումների ավելի ակտիվ ներգրավմանը: