Արմինֆո. Հայաստանի կառավարությունը մտադիր է վերածնել օբսիդիանի քարի մշակման ավանդական արհեստները: «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի համապատասխան փոփոխությունների փաթեթը ներկայացվել է ՀՀ խորհրդարանի փետրվարի 24-ի նիստին:
Ինչպես պատգամավորներին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի փոխմախարար Էմիլ Տարասյանը, առաջարկվում է 100 անգամ նվազեցնել օբսիդիանի հանքավայրի շահագործման տարեկան պետական տուրքաչափը` 10 մլն.դրամից մինչև 100 հազար դրամ: Ինչպես նշել է փոխնախարարը, Հայաստանի օգտակար հանածոների հանքավայրերի պետական հաշվեկշռում հաշվառված է օբսիդիանի 4 հանքավայր, որոնք գտնվում են Դամլիկ, Արտենի, Արտենիից ոչ հեռու և Սև քար վայրերում: Ներկայումս այդ հանքավայրերը չեն շահագործվում: Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում` խթանել ոչ մետաղական հանքարդյունաբերական ոլորտը, մասնավորապես, օբսիդիանի հանքավայրերի շահագործումը: Յուրաքանչյուր հանքավայրի շահագործման համար կառավարությունն առաջարկում է սահմանել 100 հազար դրամի պետտուրք:
Նշենք, որ հայկական օբսիդիանը սև և շագանակագույն հրաբխային ապակի է, որը լայնորեն օգտագործվում են հուշանվերների և շինանյութերի արտադրությունում, սակայն օբսիդիանի օգտագործման ծավալը Հայաստանում մեծ չէ և կազմում է տարեկան 3500-5000 տոննա: Օբսիդիանի հանքավայրի շահագործման դիմաց ներկայիս պետտուրքը, որը կազմում է 10 մլն դրամ, ձեռնտու չէ այդ հանքավայրերը շահագործելու համար: Օրինական ճանապարհով փաստաթղթերն ստանալու հարցում տեղական ընկերությունները բախվում են բազմաթիվ դժվարությունների, քանի որ Հայաստանում չկան օրենսդրորեն գրանցված և գործող օբսիդիանի հանքավայրեր: Մինչդեռ, օբսիդիանից պատրաստված իրերի մեծ մասն արտահանվում է, պետական բյուջեին ապահովելով համապատասխան եկամուտներ: Օրերս էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել օբսիդիանի հանքավայրեր շահագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկում, որի ընթացքում ընդունվել է այդ հանքավայրերի շահագործման դիմաց սահմանված պետական տուրքի չափը նվազեցնելու անհրաժեշտությունը: