Հինգշաբթի, 25 Փետրվարի 2016 20:12

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար. Առաջին անելիքը լինելու է տնտեսության բարեփոխումների փաստաթղթի մշակումն ու ներկայացումը

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար. Առաջին անելիքը լինելու է տնտեսության բարեփոխումների փաստաթղթի մշակումն ու ներկայացումը

Արմինֆո. Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ներկայացրել է տնտեսական քաղաքականության նոր ուղղությունները և հիմնական անելիքները, որոնք բխում են նաև սահմանադրական փոփոխություններից:

 

Նա ասել է, որ իր առաջին անելիքը լինելու է տնտեսության բարեփոխումների փաստաթղթի մշակումն ու ներկայացումը: «ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնագրում հստակ ամրագրված են տնտեսական քաղաքականության նոր ուղղությունները և հիմնական անելիքները, որոնք բխում են նաև սահմանադրական փոփոխություններից: Այն է՝ շուկայական սոցիալական տնտեսակարգի հաստատումը երկրում»,-նշել է Ա.Մինասյանը: Նրա խոսքով, դա նշանակում է տնտեսական քաղաքականության ոչ միայն հաստատված ծրագրերի շարունակականություն, այլև նոր ծրագրերի ու տնտեսության հիմնարար ու կառուցվածքային բարեփոխումների փաթեթի մշակում ու ներկայացում: Հետևաբար, առաջին անելիքն այդպիսի ռազմավարական փաստաթղթի ստեղծումն է:

 

Նախարարի խոսքով՝ երկրորդ քայլը լինելու է նախարարության գործառույթների հստակեցումն ու դրան համարժեք պատասխանատվության ամբողջական կիրառումը, երրորդ քայլը լինելու տնտեսվարող սուբյեկտների մոտ այցելություններն ու հիմնախնդիրների բացահայտումը: Չորրորդ հիմնարար ուղղությունը, նրա խոսքով, վերաբերում է ներդրումային քաղաքականության նոր մոտեցումների մշակմանը: Այդ թվում են խոշորածավալ ներդրումների գործընթաց սկսելն ու ներդրողների հետ հանդիպումները:

 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով փետրվարի 24-ին Կարեն Ճշմարիտյանը ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, իսկ այդ պաշտոնում նշանակվել է Արծվիկ Մինասյանը: Բացի այդ, ՀՀ կրթության և գիտության նախարար է նշանակվել Լևոն Մկրտչյանը: Մինչ այդ այդ պաշտոնն զբաղեցնում էր Արմեն Աշոտյանը: Ավելի վաղ, նախագահի հրամանագրով, վերակազմավորվել էր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ստեղծվել են երկու առանձին նախարարություններ ստեղծվել - Արտակարգ իրավիճակների և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: