Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան հավանություն է տվել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության համար սարքավորման և բաղադրամասերի ներկրման մաքսատուրքի վերացման մասին որոշման նախագծին:
Որոշման նախագծի համաձայն, ներմուծողը սակագնային արտոնություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին պետք է ներկայացնի ներկրվող ապրանքների նպատակային նշանակության հաստատում: Միջոցառումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության կողմից Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության գծով միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելուն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Թեհրանում Իրանն ու Հայաստանը ստորագրել են 3-րդ բարձրավոլտ ԷՀԳ կառուցման շուրջ նոր համաձայնագիր, որի պայմաններին համաձայն, Իրանական կողմը` ի դեմս Իրանի արտահանման զարգացման բանկի, կտրամադրի 90,5 մլն դոլար` նախագծի ֆինանսավորման 117,6 մլն դոլար ընդհանուր գումարից: Պայմանավորվաժություն է ձեռք բերվել ԷՀԳ անցկացման աշխատանքները 18 ամսում ավարտելու շուրջ: 3-րդ բարձրավոլտ ԷՀԳ շահագործման հանձնումից հետո Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը ներկայիս 300 ՄՎտ-ից կավելանա մինչև 1000 ՄՎտ: Այդպիսով, նոր հաղորդակցությունը հնարավորություն կընձեռի ավելացնելու էլեկտրաէներգիայի հոսքը երկու կողմ` միանգամից 700 ՄՎտ-ով: Իրանի ներկայացուցիչնները հայտարարում են երկու հարևան երկրների միջև փոխադարձ առևտրի զգալի աճի հեռանկարի մասին, որը վերջին տարիներին զգալի անկում է դրսևորել: Նոր ԷՀԳ նաև կմեծացնի Կովկասի տարածաշրջանի երկրների` ավելի պատկառելի ծավալի էլեկտրաէներգիա փոխանակելու հնարավորությունը: Հայ-իրանական 3-րդ գծի շահագործումից օգուտ կքաղեն Վրաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան: Իրանական էլեկտրաբաշխիչ ցանցը Հայաստանի և Վրաստանի համապատասխան ենթակառուցվածքի միջոցով Ռուսաստանի և Թուրքիայի էներգահամակարգերին կցորդման հնարավորություն է ստանում: Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագծի արժեքը կազմում էր 107,9 մլն եվրո, որը վարկի տեսքով պետք է տրամադրեր Իրանը, այդ թվում` 83,083 մլն եվրոյի վարկ էր ստորագրել 2011 թվականի սեպտեմբերին, և լրացուցիչ 24,817 մլն եվրո` 2012 թվականի ապրիլին: Պայմանագրին համապատասխան, ԷՀԳ շինարարությունը պետք է ավարտվեր 18 ամսվա ընթացքում` ֆինանսավորումն սկսվելու պահից: Սակայն Իրանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով նախագծի իրագործման ժամկետները մշտապես հետաձգվում էին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտականգործող կարգավորող մարմինն է: Այն իր գործունեությունը սկսել է 2012 թվականի փետրվարի 2-ից: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական կոչումը ԵԱՏՄ գործունեության և զարգացմանպայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը: Ներկայումս ԵՏՀ կազմում ընդգրկված են հինգ երկրներ. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: ԵՏՀ-ն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ և իր գործունեության մեջ առաջնորդվում է ընդհանուր առմամբ եվրասիական տնտեսական ինտեգրման նախագծի մասնակից երկրների շահերով՝ չպատճառաբանելով իր որոշումները ազգային կառավարություններից որևէ մեկի շահով: Հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ԵԱՏՄ մասնակից երկրների տարածքում: 2014 թվականի մայիսի 29-ին ՄՄ և ԵՏՏ մասնակից երկրներն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման շուրջ պայմանագիր: ԵԱՏՄ ստեղծման շուրջ պայմանագրի մասնակից պետությունները պարտավորություն են ստանձնել երաշխավորելու ապրանքների, ծառայությունների, կապիտալների և աշխատուժի ազատ տեղաշարժը, իրականացնելու համաձայնեցված քաղաքականություն տնտեսության հիմնական ճյուղերում` էներգետիկայում, արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, տրանսպորտի ոլորտում: ԵԱՏՄ նպատակը անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ապահովումն է` դրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերին համապատասխան, ինչպես նաև ազգային էկոնոմիկաների համակողմանի արդիականացումը, կոոպերացումը և մրցունակության բարձրացումը գլոբալ էկոնոմիկայի պայմաններում: