Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2016 18:05
Ալեքսանդր Ավանեսով

Ռուսաստանի էներգետիկայի նախարարը չի մեկնաբանում Կատարում նավթ արտադրող պետությունների համաժողովից հետո նավթի համաշխարհային գների բարձրացման հնարավորությունը

Ռուսաստանի էներգետիկայի նախարարը չի մեկնաբանում Կատարում նավթ արտադրող պետությունների համաժողովից հետո նավթի համաշխարհային գների բարձրացման հնարավորությունը

Արմինֆո. Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը մտադիր չէ մեկնաբանել ապրիլի 17-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում նավթ արտադրող պետությունների համաժողովից հետո նավթի համաշխարհային գների բարձրացման հնարավորությունը:

Երևանում պատասխանելով ԱրմԻնֆո-ի համապատասխան հարցին՝ նախարարը նշել է, որ նավթի գները կարգավորում է շուկան: ՙԳները որոշվում են՝ ելնելով բազմաթիվ գործոններից, որոնցից գլխավորը պահանջարկի և առաջարկի հավասարակշռությունն է՚,- ընդգծել է նախարարը: Նա հիշեցրել է, որ առաջիկա գագաթնաժողովի ընթացքում բանակցությունների հիմնական առարկան նավթի արտադրության ծավալների պահպանման խնդիրը կլինի: Ա. Նովակը նշել է, որ համաժողովի կազմակերպիչներից ստացված տեղեկությունների համաձայն, այսօրվա դրությամբ 17 երկիր Դոհա ժամանելու ցանկություն է հայտնել: ՙՄասնակիցների ավելի ճշգրիտ թիվը հայտնի կդառնա մինչև շաբաթվա վերջ՚,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ ռուսական կողմը Կատար է մեկնում մեկ նպատակով՝ քննարկել և ընդունել կոնսոլիդացված որոշում՚,- ընդգծել է նախարարը: 
 
Նշենք, որ  վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, արդյունահանման սառեցման շուրջ բանակցությունների հաջողության դեպքում նավթը կարող է թանկանալ մեկ բարելի դիմաց մինչև $50: Առայժմ համաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Վենեսուելան, Նիգերիան, Ալժիրը, Ինդոնեզիան, Էկվադորը, Բահրեյնը, Օմանը և այլ երկրներ: ՕՊԵԿ անդամներից ներկայացված չի լինի միայն Լիբիան, որը հրաժարվել է մասնակցությունից: Իրավիճակում ամենամեծ անորոշությունը մտցնում է Իրանի դիրքորոշումը: Փետրվարի կեսին Դոհայում Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Վենեսուելայի և Կատարի ներկայացուցիչները  պայմանավորվել են, որ նավթի արդյունահանումը կարող է սառեցվել 2016 թ. հունվար-փետրվարի մակարդակի վրա, եթե դրան գնան այլ առանցքային խաղացողներ: Սակայն, Թեհրանը, ֆորմալ կերպով աջակցելով գաղափարին, ավելի ուշ ՙանտրամաբանական՚ և նույնիսկ ՙծիծաղելի՚ անվանեց այն՝ ավելացնելով, որ իրեն հատուկ պայմաններ են անհրաժեշտ, քանի որ միայն վերջերս են չեղարկվել երկրի նկատմամբ պատժամիջոցները: Թեհրանն արդեն դեմփինգ է անում՝ օրական ավելի քան 500 հազար բարել ծանր նավթ վաճառելով Եվրոպային՝ մեկ բարելի դիմաց $17 գնով: Ավելին, իրանցիները նախատեսում են մինչև 2017 թ. մարտը նավթի արդյունահանման ծավալներն ավելացնել մինչև օրական մինչև 4 մլն բարել, ինչպես այդ մասին հայտարարել է նավթի նախարար Բիժան Զանգանեն: