
Արմինֆո. Մոտ ժամանակներս գազի և էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում կիջեցվի, ապրիլի 27-ին Ազգային ժողովում նման համոզմունք է հայտնել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՙԲարագավաճ Հայաստան՚ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:
Ինչպես հիշեցրել է վարչապետը, մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան այցի և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ռուսական գազի գնի իջեցման հարցի վերանայման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ տրվեցին: Դրանից հետո տեղի ունեցավ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան այցը, որի ընթացքում հայտարարվեց սակագնի՝ 1 հազար խմ դիմացներկայիս $165-ից մինչև $150 նվազեցման մասին:
Աբրահամյանն ընդգծել է, որ ՙԳազպրոմ Արմենիան՚ արդեն հայտարարել է սպառողների համար սակագնի նվազեցման առաջարկով ՀԾԿՀ դիմելու իր մտադրությա մասին: ՀԾԿՀ-ն կքննարկի հարցը, և համապատասխան որոշում կընդունվի: Գազի սակագինը 1 խմ համար 156 դրամից կիջեցվի մինչև 146,7:
10 հազար խմ-ից ավել գազ սպառող բաժանորդների համար առաջարկվում է սակագինն իջեցնել 276,98 ԱՄՆ դոլարից մինչև 257,56 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է, որ գեներացիայի օբյեկտների համար գազի սակագի իջեցման դեպքում, համապատասխանաբար, պետք է իջեցվի նաև էլեկտրաէներգիայի սակագինը: Սակայն, վերջնական որոշում պետք է կայացնի ՀԾԿՀ-ն: ՙԱմեն դեպքում վստահ եմ, որ թե՛ էլեկտրաէներգիայի, թե՛ գազի սակագինը կիջեցվի՚,- հայտարարել է վարչապետը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, մինչև շաբաթվա վերջը ՙԳազպրոմ Արմենիան՚ սակագնի նվազեցման վերաբերյալ հայտ կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Նախօրեին ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ՝ մամուլում հրապարակած հայտարարության մեջ հայտնել էր, որ առաջարկում է տնային տնտեսությունների համար գազի սակագինը 1 խմ համար 156 դրամից իջեցնել մինչև 146,7:
Ինչպես նշվում է օպերատորի հայտարարության մեջ, նշված իջեցումը վերաբերում է ամսական մինչև 10 հազար խմ գազ օգտագործող բաժանորդներին (բաժանորդները, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի մի մասը/: 10 հազար խմ-ից ավել գազ սպառող բաժանորդների համար առաջարկվում է սակագինն իջեցնել 276,98 ԱՄՆ դոլարից մինչև 257,56 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
«Էներգետիկայի մասին՚ ՀՀ օրենքի համաձայն, սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 90-օրյա ժամկետում: Հանձնաժողովը կարող է իր կողմից հաստատված ընթացակարգի համաձայն սեփական նախաձեռնությամբ վերանայել գործող սակագինը և սահմանել նոր սակագին, ելնելով լիցնզավորված անձի տնտեսական գործունեությունից, մասնավորապես, ելնելով նրա կողմից ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայության որակի նկատմամբ պահանջների կատարումից:
Նշենք, որ ներկայումս ռուսական գազի գինը սահմանին կազմում է 1000 խմ դիմաց 165 դոլար: Սակայն, սպառողը օգտագործած 1000 խմ գազի դիմաց վճարում է 318 դոլար, իսկ ամսական 10 հազար խմ և ավելի սպառողները` 277 դոլար: