
Արմինֆո. Թումանյան համայնքը զբոսաշրջության առումով գայթակղիչ տարածք է, լրագրողներին հայտարարել է վարչապետՀովիկ Աբրահամյանը` նախօրեին համայնք այցի ընթացքում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն է նախատեսել՝ համայնքում առկա խնդիրները լուծելու նպատակով: «Խորհրդակցության ընթացքում բարձրացվեց համայնքի դպրոցի վերանորոգման խնդիրը և մենք այն կներառենք 2017 թվականի պետական բյուջեի ծրագրերի թվում: Կվերացվեն նաև Թումանյանի մանկապարտեզում հրդեհի պատճառով առաջացած խնդիրները, ըստ անհրաժեշտության մանկապարտեզում կիրականացվեն շինարարական այլ աշխատանքներ: Այս համայնքում պատրաստվում ենք կյանքի կոչել լուրջ ծրագրեր, քանի որ այն նաև զբոսաշրջության առումով գայթակղիչ տարածք է: Մասնավորապես, հանձնարարվել է մարզպետին՝ մշակել զբոսաշրջության զարգացման ծրագրեր և ներկայացնել կառավարություն: Մենք նաև տարածքային համաչափ զարգացման նպատակով իրականացնելու ենք ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Թումանյան համայնքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է համայնքների խոշորացման ծրագրի արդյունքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ Թումանյանի քաղաքապետարանում արդեն իսկ իրականացվել են անհրաժեշտ տեխնիկական աշխատանքները՝ համայնքին միացած մյուս համայնքների բնակչությանը լավագույնս սպասարկելու նպատակով: Նշվել է, որ Թումանյանի ավագանիում ընդգրկված են քաղաքի բոլոր շրջանները ներկայացնող անդամներ. համատեղ ուժերով աշխատանքներ են տարվում համայնքում առկա խնդիրներին լուծումներ գտնելու համար: