Հինգշաբթի, 26 Մայիսի 2016 11:08
Ալեքսանդր Ավանեսով

Տատյանա Վալովայա. ԵՏՄ երկրները միասնական արժույթի ստեղծման հարցը չեն քննարկում

Տատյանա Վալովայա. ԵՏՄ երկրները միասնական արժույթի ստեղծման հարցը չեն քննարկում

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության երկրները ներկայումս միասնական արժույթի ստեղծման հարցը չեն քննարկում, ՙՆովոստի-Ղազախստան՚ գործակալությանը հայտնել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության կոլեգիայի անդամ /նախարար/ Տատյանա Վալովայան:

ՙՄենք այդ թեման այժմ չենք քննարկում, քանի որ մենք չունենք ոչ միասնական արժույթի կիրառման պահանջարկ, ոչ դրա ներդրման համար պայմաններ: Մեզ անհրաժեշտ է արժութային ոլորտում ինտեգրում, բայց մեզ հիմա միասնական արժույթի շուրջ բանավեճ պետք չէ՚,- Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում գործակալությանն ասել է Վալովայան: Նրա խոսքով, եվրոպական փորձը ցույց է տալիս, որ միասնական արժույթի ներդրման համար պետք է ՙշատ ավելին անել, քան եվրոպացիներն են արել, քանի որ շատ բաներ նրանք սկսեցին անել, երբ արդեն ճգնաժամ սկսվեց՚: ՙՄիասնական արժույթի ստեղծումն, իհարկե, հնարավոր է, բայց դրա համար պետք է պահանջարկ լինի: Եվրոպայում պահանջարկ կար, քանի որ Եվրոպայում արդեն կար միասնական արժույթ: Կային Եվրոպական միության շատ պետություններ, բայց վերջիններս ունեին միասնական արժույթ՝ գերմանական մարկ: Քանի որ գերմանական մարկը, ըստ էության, ֆինանսա-արժութային ոլորտում ևս պայմաններ էր թելադրում ողջ տարածության համար: Գերմանական Բունդեսբանկը կենտրոնական բանկ էր, և այդ պատճառով մնացած բոլոր պետությունները, որոնք վնասներ էին գրում գերմանական դրամավարկային քաղաքականությունից, չէին կարող ազդել վերջինիս վրա՚,- ավելացրել է նա: Վալովայան նշել է, որ Եվրամիությունում արդեն կար զարգացած միասնական շուկա և փոխադարձ առևտրի բարձր աստիճան:

ՙՄենք դեռ այդ իրավիճակին չենք հասել: Տեսականորեն, այո, մի քանի տասնամյակ անց, հնարավոր է, կարողանանք վերադառնալ այդ գաղափարին:

Մենք նույնիսկ չգիտենք, թե 20 տարի անց ինչպիսին կլինի համաշխարհային արժութային համակարգը: Բայց մեզ անպայման անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը և ինտեգրումն արժութային ոլորտում՚,- ասել է նախարարը: