Արմինֆո. Արարատբանկը շուկա է դուրս բերել 7% տարեկան եկամտաբերությամբ և 3 տարի մարման ժամկետով իր արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի 11-րդ թողարկումը: Ինչպես հունիսի 3-ին այդ կապակցությամբ հրավիրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Արարատբանկ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը, հատկապես դոլարային պարտատոմսերի թողարկումը պայմանավորված է արտարժութային արժեթղթերի նկատմամբ ներդրողների բարձր պահանջարկով:
Նա պարզաբանել է, որ այս էմիսիայի շրջանակներում կթողարկվի 40 հազար ոչ փաստաթղթային պարտատոմս, յուրաքանչյուրը 20 դոլար անվանական արժեքով: Արժեկտրոնային վճարները նախատեսված են ըստ եռամսյակների: Շուկայի մասնակիցներին առք և վաճառքից բացի հնարավորություն կընձեռվի կնքել ՌԵՊՈ-գործարքներ: Դ.Հարությունյանը հաղորդել է նաև, որ 2015 թվականին Արարատբանկի պարտատոմսերով իրականացվել է 130 գործարք, 219 մլն.դրամ կամ 1 մլն.դոլար ընդհանուր ծավալով: «Մեկ տարի առաջ, եթե դիտում ենք NASDAQ OMX ARMENIA Բորսայի ընդհանուր շրջանառության դինամիկան, գործարքների 58%-ն իրականացվել է մեր բանկի պարտատոմսերով, իսկ ընթացիկ տարում մեր մասնաբաժինն առաջին ամիսներին արդեն կազմել է 2%: Սա վկաում է այն մասին, որ արժեթղթերի բորսայում իրականացվող յուրաքանչյուր երկրորդ թողարկումն իրականացնում է Արատարատբանկը: Իմ կարծիքով, սա բանկի հետևողական գործունեության արդյունքն է, որով ապահովվում է իրացվելիությունն արժեթղթերի շուկայում»,-նշել է բանկի փոխտնօրենը:
Դ.Հարությունյանը տեղեկացրել է, որ արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել այս տարվա հունիսի 6-17-ը: NASDAQ OMX ARMENIA Բորսայի հարթակում երկրորդային տեղաբաշխումը տեղի կունենա ցուցակոմից հետո:
«Բանկի պարտատոմսերը կարող են ձեռք բերել այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք հանդիսանում են Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի անդամ, և որոնք ունեն իրենց հաճախորդների համար հաշիվներ բացելու հնարավորություն, ինչը զգալիորեն կրճատում է արժեթղերի առք/վաճառքի ժամանակը»,-նշել է Դ.Հարությունյանը: Նա նաև հավելել է, որ դոլարային պարտատոմսերը հիմնականում հետաքրքրում են ֆիզիկական անձանց, իսկ դրամային պարտատոմսերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում իրավաբանական անձանց շրջանում:
Նշենք, որ 2007 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ առաջին անգամ կորպորատիվ պարտատոմսերի շուկա էր դուրս եկել 250 մլն դրամ ծավալով: Առաջին թողարկման տարեկան տարեկան եկամտաբերությունը կազմեց 8%, շրջանառության ժամկետը`1 տարի: Երկրորդ թողարկման շրջանակներում թողարկման ծավալը կազմեց 400 մլն դրամ, տարեկան եկամտաբերությունը` 9%, շրջանառության ժամկետը` 1.5 տարի: Երրորդ թողարկման ծավալը կազմեց 250 մլն դրամ, տարեկան եկամտաբերությունը` 10%, շրջանառության ժամկետը` 1.5 տարի: Չորրորդ թողարկման ծավալը` 250 մլն դրամ, եկամտաբերությունը` 12%: Հինգերորդ թողարկումն արտարժույթով էր (2012 թ.), որի ծավալը կազմեց 1 մլն դոլար, եկամտաբերությունը`9%: Վեցերորդ թողարկումը (2013), բանկը թողարկեց արտարժույթով, $ 1 մլն.ծավալով, 3 տարի ժամկետով, եկամտաբերությունը` 8.5%: Յոթերորդ թողարկումը (2013), թողարկվեց 400 մլն դրամ ծավալով, շրջանառության ժամկետը` 3 տարի, տարեկան եկամտաբերությունը`13%: Ութերորդ թողարկումն արտարժութային էր, ծավալը` $ 1 մլն, շրջանառության ժամկետը` 4 տարի, եկամտաբերությունը` 8%: Բանկի 9-րդ թողարկումը կազմված էր 2 մլն.դոլար ծավալով արտարժութային արժեկտրոնային պարտատոմսերից, 3 տարի շրջանառության ժամկետով: 10-րդ թողարկումը (2015) կազմված էր 2 մլն.դոլար ծավալով արտարժութային արժեկտրոնային պարտատոմսերից, 2 տարի շրջանառության ժամկետով: Ներկայումս բորսայում շրջանառվում են Արարատբանկի կորպորատիվ պարտատոմսերի հինգ թողարկումները (6-10):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, Արարատբանկի ակտիվները 2016 թ. ապրիլի 1-ին կազմել են 130.7 մլրդ.դրամ, որոնց կառուցվածքում արժեթղթերին ուղղված ներդրումները կազմել են ավելի քան 11% կամ 14.2 մլրդ.դրամ: Բանկի պարտավորությունները նույն օրվա դրությամբ կազմել են 108 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 22.7 մլրդ.դրամ: 2016 թվականի առաջին եռամսյակը բանկը եզրափակել է 176.8 մլն դրամ զուտ շահույթով, տարեկան աճը` 2.7 անգամ: Առաջին եռամսյակի արդյունքներով բանկի ROA և ROE ցուցանիշները համապատասխանաբար կազմել են`0.52% և 3.33%, տեղ զբաղեցնելով առաջատարների տասնյակում: Ըստ վերջին տվյալների, Արարատբանկի մեծամասնական բաժնետերերն են` «Ֆլեշ» (նախագահ` Բարսեղ Բեգլարյան) ընկերությունը` 64.24%, ՎԶԵԲ-ը`25%+1 բաժնետոմս և բելգիական Rural Impulse Fund II-ը`10%: (ՀՀ դրամի փոխարժեքը 31.03.2016 թ. կազմել է 480.79 դրամ/դոլար):