Արմինֆո. Հունիսի 17-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի աշխատանքային հանդիպումը ՙԳազպրոմ՚ ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը: Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստին, որը կայացել է մայիսի 31-ին Աստանայում, հաստատվել է Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը:
Այդ առնչությամբ Տիգրան Սարգսյանն առաջարկել է սիստեմատիկ հանդիպումներ անցկացնել ՙԳազպրոմի՚ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցում առաջընթացի համար:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտական գործող կարգավորող մարմինն է: Այն իր գործունեությունը սկսել է 2012 թվականի փետրվարի 2-ից: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական կոչումը ԵԱՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը: Ներկայումս ԵՏՀ կազմում ընդգրկված են հինգ երկրներ՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: