Երկուշաբթի, 4 Հուլիսի 2016 12:05
Նաիրա Բադալյան

Փորձագետները թերահավատորեն են գնահատում Ցխինվալով ճանապարհի բացումը

Փորձագետները թերահավատորեն են գնահատում Ցխինվալով ճանապարհի բացումը

Արմինֆո. Համառուսաստանյան արտաքին առևտրի ակադեմիայի դոցենտ, բեռնափոխադրումների գծով փորձագետ Անդրեյ Գոլուբչիկի խոսքով, Ռազմավիրական ճանապարհը վերականգնել շատ դժվար է և թանկ: Դա գործնականում անհնար է, հայտարարել է փորձագետը:

 

ՙԱյն, իրոք, վատթարագույն վիճակում է: Հարավային Օսիայով ճանապարհը խելամիտ է: Տեղական իշխանությունների կողմից հնարավոր խոչընդոտները, կարծում եմ, կարելի է հաղթահարել բանակցությունների ճանապարհով: Վրացական մեքենաների համար կարելի է հատկացնել առանձին միջանցք, որից նրանք չեն կարող շեղվել՚,- նշել է Գոլուբչիկը, հայտնում է Բիզնես Գրուզիան: Փորձագետի խոսքով, Հարավային Օսիան պետք է մտածի օգուտի մասին, որը կբերի տարանցման իրականացումը: Նրա կարծիքով, Ցխինվալով ճանապարհը նույնպես լավ վիճակում չի գտնվում և վերանորոգման կարիք ունի: ՙԲայց Ռազմավիրական ճանապարհն ուղղակի չի գործում: Տարբերությունն այն է, որ եթե Ցխինվալում ճանապարհն անհրաժեշտ է կարկատել, ապա Ռազմավիրական ճանապարհը՝ վերստին կառուցել՚,- ընդգծել է փորձագետը:

 

Ցխինվալով ճանապարհի բացման հնարավորությանը թերահավատորեն է վերաբերում քաղաքագետ Անդրեյ Արեշևը. ՙԿարծում եմ՝ քաղաքական պատճառներով այդ հարցը մոտ ժամանակներս դրական հանգուցալուծում չի ունենա: Այնուամենայնիվ, Ռուսաստանը և Հայաստանը կապող այլընտրանքային հաղորդակցական ուղիների վերլուծություն պետք է արվի: Ռազմավիրական ճանապարհով երկու երկրների միջև ներկայիս հաղորդակցությունը խիստ դժվարացած է: Անընդհատ փլուզումներ են տեղի ունենում, դա մշտական խնդիր է՚: ՙԳոյություն ունեն անվտանգության խնդիրներ՝ կապված Ցխինվալով ճանապարհի բացման հնարավորության հետ՚,- հաստատել է Արեշևը: ՙՄտահոգություն է առաջացնում, այսպես կոչված, կովկասյան միջանցքը՝ Սիրիայից Թուրքիայի և Վրաստանի տարածքով անդրսահմանային ահաբեկչության համար: Կա անվտանգության շուրջ ռուս-վրացական երկխոսության սուր պակաս, ինչի մասին շատ է խոսվում  փորձագիտական հանրության, քաղաքական գործիչների, պետական կառույցների ներկայացուցիչների մակարդակով ինչպես Մոսկվայում,  այնպես էլ՝ Թբիլիսիում: Վրաստանը և Հարավային Օսիան բաժանող հաղորդակցությունների մասնակի բացման հարցի քննարկումը կարող էր խթան հանդիսանալ անվտանգության հետ կապված հարցերի լուծման համար, ինչը հավասարապես ակտուալ է ինչպես Մոսկվայի, այնպես էլ՝ Թբիլիսիի համար՚,- ամփոփել է փորձագետը:

 

Հայաստանը Վրաստանի և Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում, որպես Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք, հայկական ավտոմեքենաների համար այլ ճանապարհ բացելու համար: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նախարարը նշել է, որ բանակցություններ ենք վարում վրացական կողմի հետ, որպեսզի ունենանք նաև այլընտրանքային ճանապարհ, դրա հետ կապված պետք է բանակցություններ վարվեն նաև ռուսաստանյան կողմի հետ՝ դիվանագիտական խողովակներով: Բեգլարյանը նշել է, որ ներկայում Հարավային Օսիայով հնարավորություն կա ուղևորվել դեպի ՌԴ, ճանապարհը լավ վիճակում է: «Երկու պետությունների հետ բանակցություններ են տարվում, Հայաստանից շատ բան այս առումով կախված չէ՚,- նշել է տրանսպորտի և կապի նախարարը:

 

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Դեվդորակի կիրճում տեղի ունեցած սողանքների հետևանքով փակվել է Մցխեթա - Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը: Նշենք, որ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարսե անցակետով է ընթանում Հայաստանին Ռուսաստանի կապող միակ ցամաքային ճանապարհը: