Երկուշաբթի, 4 Հուլիսի 2016 14:50
Նաիրա Բադալյան

Իրանը չի հրաժարվել Ուրմիա լիճը Հայաստանի ջրային պաշարների հաշվին վերականգնելու իր մտադրություններից

Իրանը չի հրաժարվել Ուրմիա լիճը Հայաստանի ջրային պաշարների հաշվին վերականգնելու իր մտադրություններից

Արմինֆո. Իրանը չի հրաժարվել Ուրմիա լիճը Հայաստանի ջրային պաշարների հաշվին վերականգնելու իր մտադրություններից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, ընդգծելով, սակայն, որ Հայաստանը դրան չի գնա:

Ըստ Հարությունյանի, Իրանը հետաքրքրված է Սևանա լճից և Հայաստանի մյուս ջրային պաշարաներից ջուրը տեղափոխելու մեջ: «Կարող եմ հստակ նշել, որ այս պահին չկա հաստատված նախահիծ: Կա միայն իրանական կողմից հետաքրքրությունը, բայց այդ ուղղությամբ հստակ քայլեր չեն ձեռնարկվում»,-ասել է Կոմիտեի ղեկավարը:

Նրա խոսքով, նման նախագծերի իրականացմանը կարելի է ձեռնամուխ լինել միայն մասշտաբային քննարկումներից հետո:

Նշենք, որ երկրի բնապահպանները 2012 թվականից տագնապ են հայտարարել, կապված Սևանա լճից ջուրն Ուրմիա լիճ տեղափոխելու հնարավորության հետ: 2015 թվականին իրանական ԶԼՄ-ները, հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին, հայտարարել էին Ուրմիա լճի վերականգնման իրանական պլանների մասին` Հայաստանի և Վրաստանի ջրային ռեսուրսների հաշվին: Ինչպես գրել է Press TV տեղեկատվական գործակալությունը, հղում կատարելով պատգամավոր Ալի Ալիլուին, Սևանա լճից և Քուռ գետից ջուրը  կտեղափոխվի 3 կայանների միջոցով: Ըստ պատգամավորի, Սևանը և Քուռն այն աղբյուրներն են, որոնք կարող են ջուր տալ Ուրմիա լճին: Եվ, պարզվում է, «գիտնականներն արդեն կատարել են հետազոտությունները, որպեսզի որոշեն Հայաստանից և Վրաստանի ջրի տեղափոխման հնարավորությունները»: Ճիշտ է, Ուրմիայի վերականգնման կոմիտեի նախագահ Հալիլ Աայինն ասել է, որ այդ պլանը դեռ պետք է վերջնականապես հաստատվի, քանի որ «ոմանք դեմ են հանդես գալիս»: