Հինգշաբթի, 8 Սեպտեմբերի 2016 09:50
Ալեքսանդր Ավանեսով

Փոխնախարար. ՀԱԷԿ շահագործման դադարեցումը երկրի վրա կնստի շուրջ 300 մլն դոլար

Փոխնախարար. ՀԱԷԿ շահագործման դադարեցումը երկրի վրա կնստի շուրջ 300 մլն դոլար

Արմինֆո. ՀԱԷԿ շահագործման դադարեցումը երկրի վրա կնստի շուրջ 300 մլն դոլար: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

Նրա ասելով, այժմ առկա է կայանի շահագործման դադարեցման ավելի վաղ մշակված ռազմավարությունը վերանայելու անհրաժեշտություն: Այդ աշխատանքը կիրականացվի Եվրամիության փորձագետների հետ համատեղ: Ինչպես նշել է փոխնախարարը, Հայաստանը նախատեսել է ՀԱԷԿ շահագործման դադարեցման հնարավորություն: ԱԷԿ սակագնում կա հատուկ հոդված, որով համալրվում է հատուկ այդ նպատակով ստեղծված  hիմնադրամը: Այն ղեկավարում է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ամեն տարի հիմնադրամն ավելանում է շուրջ 1 մլն դոլարով: Իհարկե, մինչև 2026 թիվը, երբ երկրորդ էներգաբլոկի արդիականացումից հետո կարող է ծագել ԱԷԿ փակման հարց, հիմնադրամի կուտակած միջոցները չեն բավականացնի խնդիրները լուծելու համար: Ի դեպ, ինչպես նշել է Արեգ Գալստյանը, գործող էներգաբլոկի շահագործման երկարաձգման ծրագրի իրագործումից հետո 10-12 տարի կայանի պահպանման համար մեծ միջոցներ ներդնելու անհրաժեշտություն չի լինի: Խնդիրներ կարող են ծագել 2026 թվականից հետո, երբ կպահանջվեն հսկայական ֆինանսական ռեսուրսներ, որոնք անհնար է կուտակել այդքան կարճ ժամանակահատվածում: Իսկ սակագնի բարձրացման ճանապարհով հարցի լուծումը ճիշտ չէ` հաշվի առնելով երկրում առկա սոցիալական բնույթի խնիրները: Սակայն կան այլ տարբերակներ, որոնք անմիջականորեն առնչվում են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ բազմիցս բարձրացրել է ՀԱԷԿ փակելու հարցը` այդ նպատակով առաջարկելով 200 մլն դոլար: Սակայն երկրի իշխանությունները մերժել են այդ նախաձեռնությունը, հաշվի առնելով այն կարևոր դերը, որ կայանը խաղում է Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում:

Մեծամորի մոտ գտնվող ՀԱԷԿ-ը, որը միակն է տարածաշրջանում, շահագործման էր հանձնվել 1980 թվականին և կանգնեցվել էր 1989 թվականի մարտին` Սպիտակի երկրաշարժից հետո: ՀԱԷԿ-ը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին` հանրապետությունում սուր էներգետիկ ճգնաժամի առնչությամբ: Կայանի երկու էներգաբլոկները զինված են ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորներով: Առաջին բլոկն այժմ կանգնեցված է: Կայանին բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրության մինչև 40%-ը: Փորձագետների գնահատականների համաձայն, կայանի շահագործման ռեսուրսն ասպառվում է 2016 թվականին: Այժմ աշխատանքներ են իրականացվում կայանի շահագործման ժամկետը մինչև 2027 թիվը երկարաձգելու համար: Նախագծի իրագործման համար նախորդ տարվա վերջին Մոսկվայում ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն, ռուսական կողմը կայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար Հայաստանին 270 մլն դոլարի վարկ կտրամադրի` 15 տարվա ընացքում մարման պայմանով` 3%  տարեկան տոկոսադրույքով: Բացի այդ, նույն նպատակների համար Ռուսաստանի Դաշնությունը 30 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին: Երկրի էլեկտրամատակարարման խնդիրը կարող է լուծել միայն նոր բլոկի կառուցումը, որը Հայաստանի վրա կնստի 5 մլրդ դոլար: