
Արմինֆո. Հայկական ապրանքների և ապրանքարտադրողների «Ոսկե նուռ՚ ամենամյա տոնավաճառը կբացվի Մոսկվայի Հեղափոխության հրապարակում սեպտեմբերի 21-ին: Ինչպես TASS-ին հայտնել են Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի մամլո ծառայությունում, նույն օրը մայրաքաղաքում տեղի կունենա հայ-մոսկովյան հումանիտար ֆորում:
ՙԴրան կմասնակցեն դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերեմինը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը՚,- նշել են մամլո ծառայությունում:
ՙՈսկե նուռ՚-ում, որը կտևի մինչև սեպտեմբերի 25-ը, կներկայացվեն ապրանքներ Հայաստանից, ոսկերչական իրեր և հուշանվերներ, արվեստի գործեր: Մոսկվացիներին սպասվում են վարպետության դասեր ամբողջ ընտանիքի համար և ազգային ապրանքների շնորհանդեսներ։
Տոնավաճառի այցելուները կկարողանան ծանոթանալ հայկական երաժշտական գործիքների` դուդուկի, քամանչայի, զուռնայի, դհոլի պատմությանը։ Կազմակերպիչները կպատմեն ազգային պարերի մասին և ցանկացողների համար վարպետության դասեր կանցկացնեն։ Այցելուներին հնարավորություն կընձեռվի սովորել քոչարի, բերդ և յարխուշտա պարել։
«Ոսկե նուռ՚ առաջին տոնավաճառն անցկացվել է Մոսկվայում 2005 թվականին։ Միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի և Հայաստանի մայրաքաղաքների միջև համագործակցության ծրագրի շրջանակում` երկկողմ առևտրատնտեսական և մշակութային–հումանիտար կապերի ամրապնդման և զարգացման նպատակով: