Շաբաթ, 15 Հոկտեմբերի 2016 13:02
Ալեքսանդր Ավանեսով

Կարեն Կարապետյան. Հայկական կողմն առաջիկայում ռուս գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ

Կարեն Կարապետյան. Հայկական կողմն առաջիկայում ռուս գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ

Արմինֆո. Հայկական կողմն առաջիկայում ռուս գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ; Այդ մասին Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Գոլուբևի մասնակցությունը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին նոր թափ կհաղորդի տարածաշրջանային փոխգործակցությանը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ առկա է տնտեսական փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ, ինչի իրացման նպատակով հայկական կողմն առաջիկայում ռուս գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ: Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել համագործակցության զարգացումը մի շարք ոլորտներում, այդ թվում գյուղատնտեսության և զբոսաշրջության:

Ռոստովի նահանգապետը նշել է, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի և գործարար շրջանակների հետ փոխգործակցության զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը նպաստելու նպատակով: Այդ գործում Վասիլի Գոլուբևը կարևորել է նաև Ռոստովի հայ համայնքի ակտիվ գործունեությունն ու ներգրավվածությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը ստորագրել են ՀՀ կառավարության և Ռոստովի նահանգի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործակցության համաձայնագիր: Հայաստանի հետ Ռոստովի նահանգի արտաքին առևտրաշրջանառությունը 2016 թ. առաջին կիսամյակի տվյալներով կազմել է $14,4 մլն, այդ թվում՝ արտահանումը  $12,8 մլն, ներմուծումը $1,6 մլն: Հայաստանի մասնաբաժինը Ռոստովի նահանգի արտաքին առևտրաշրջանառությունում 2015 թվականին չի գերազանցել 1%-ը: Կողմերի կարծիքով, տնտեսական և գիտամշակութային փոխգործակցությունը, համաձայնագրի շնորհիվ, զգալիորեն կընդլայնվի: