Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2016 17:08
Մարիաննա Մկրտչյան

Վոլինկին. Հուսով ենք, որ Իրանի հետ Ռուսաստանի ու Հայաստանի առևտրային համագործակցությունը բեղմնավոր կլինի

Վոլինկին. Հուսով ենք, որ Իրանի հետ Ռուսաստանի ու Հայաստանի առևտրային համագործակցությունը բեղմնավոր կլինի

Արմինֆո. Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նախադրյալներ է ստեղծել Իրանում տարածաշրջանային տնտեսական աճի նոր կետ ստեղծելու համար: Այդ մասին ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի՝ ՙEXPO-RUSSIA ARMENIA 2016 plus IRAN՚ ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում:

ՙԵվրասիական տնտեսական հանձնաժողովն ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր կնքելու շուրջ մի շարք խորհրդակցություններ է անցկացրել Իրանի հետ: Հուսով ենք, որ Իրանի հետ Ռուսաստանի ու Հայաստանի առևտրային համագործակցությունը բեղմնավոր կլինի: Տնտեսական կապերի դիվերսիֆիկացված զարգացումն ամուր հիմք է ստեղծում մեր հետագա գործընկերության համար: Համոզված եմ, որ  ՙEXPO-RUSSIA ARMENIA 2016 plus IRAN՚ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը կընթանա կառուցողական և գործարար մթնոլորտում, իսկ դրա արդյունքները կօգնեն բազմակողմ առևտրատնտեսական համագործակցության ներուժի հետագա բացահայտմանը՚,- նշել է նա:

Նշենք, որ հոկտեմբերի 26-28-ը Երևանում կայանալիք ՙEXPO-RUSSIA ARMENIA 2016 plus IRAN՚ յոթերորդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի նպատակն է՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և քաղաքական համագործակցության զարգացումը, երկրների միջև կապերի հաստատումն ու ամրապնդումը, համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը:  Ցուցահանդեսին կներկայացվեն հետևյալ թեմատիկ բաժինները՝ էներգետիկա, մեքենաշինություն, մետալուրգիա, սարքաշինություն, տրանսպորտ և լոգիստիկա, երկրաբանություն և լեռնաարդյունաբերություն, շինարարություն, քիմիական արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բանկեր և ապահովագրական ընկերություններ, գյուղատնտեսություն, բժշկություն, կրթություն: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենան նաև կլոր սեղաններ և շփումների Բորսա՝ В2В ձևաչափով: Ցուցահանդեսին կմասնակցեն ընկերություններ Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից, ԱՊՀ երկրներից: Պայմանավորվածություն է ձեռքբերվել ցուցահանդեսին Իրանի պետական կառույցների և գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցության շուրջ: