Երկուշաբթի, 14 Նոյեմբերի 2016 15:56
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ գյուղնախարար. Մենք պետք է աշխատենք ապահովել պարենային անվտանգություն և ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ

ՀՀ գյուղնախարար. Մենք պետք է աշխատենք ապահովել պարենային անվտանգություն և ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին` ոլորտում առկա մարտահրավերները և համագործակցության հետագա քայլերը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը և Արմեն Հարությունյանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Աղբյուրի համաձայն, «Գյուղատնտեսության ոլորտում այսօր կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար սեղմ ժամկետում հարկավոր է ձեռնարկել կոնկրետ քայլեր, իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կարճ ժամանակահատվածում կտան շոշափելի արդյունքներ: Ոլորտի հիմնահարցերը միասնական մոտեցում եւ լուծումներ են պահանջում, և ձեր փորձը կարող է օգտակար լինել ծրագրերի մշակման և իրականացման գործում», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Այնուհետև Իգնատի Առաքելյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունները` դրանցում մատնանշելով շուտափույթ լուծման կարիք ունեցող խնդիրները: Այս համատեքստում նախարարը առավելապես կարևորել է երկրում գյուղատնտեական կոոպերացիայի զարգացումը` ընդգծելով գյուղացիների շրջանում կոոպերացիայի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: 

 

Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է կազմել մարզերի զարգացման ծրագրեր, որոնք մշակվելու են ելնելով յուրաքանչյուր մարզի առանձնահատկություններից: 

 

«Մենք այսօր պետք է աշխատենք երեք հիմնական ուղղություններով` ապահովել պարենային ինքնաբավություն և անվտանգություն, ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ և ավելացնել արտահանման ծավալները», - հավելել է նախարարը:

Քննարկվել են նաև ինտենսիվ այգիների հիմնմանը, սերմնաբուծությանը, տոհմային անասնապահության զարգացմանը,  գյուղատնտեսական ապահովագրությանը, պարենային ինքնաբավության ու պարենային անվտանգության ապահովմանը, պարարտանյութերի բաշխմանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում դաշինքի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկները բարձրացված խնդիրների շուրջ,  նախարարը խոստացել է ուսումնասիրել դրանք և հաշվի առնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ռազմավարական ծրագրերը կազմելու ընթացքում: