Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2016 18:06

Կարեն Կարապետյանը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետ Կարապետյանը, բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը, նշել է, որ պետք է ակտիվ աշխատել առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու և առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ:

 

Գիորգի Սագանելիձեն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, և Վրաստանը կարևորում է մեր երկրի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը:

 

Վարչապետը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցները, մասնավորապես, մտքեր են փոխանակել էներգետիկայի, տրանսպորտի, փոխադրումների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքի, ինչպես նաև հետագա անելիքների շուրջ:

 

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 2016 թ. հունվար-սեպտեմբերին կազմել է $185,6 մլն՝ 35,4% աճով: Արտահանումը կազմում է $110 մլն՝ 26,9% տարեկան աճով, ներմուծումը $75,6 մլն՝ 50% տարեկան աճով: