Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2016 14:11
Նաիրա Բադալյան

Հայաստանը և Իրանը քննարկել են տրանսպորտի, կապի, ՏՏ և նանոտեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար, պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ նախարարը նշել է, որ բարձր է գնահատում ԻԻՀ հետ համագործակցությունը տրանսպորտի ու կապի ոլորտում և լիահույս է, որ այն կձևավորվի և կամրապնդվի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։

 

Պրոֆեսոր Սայեդ Սարքարին, հանգամանորեն ներկայացնելով նանոտեխնոլոգիաների ոլորտում ԻԻՀ ունեցած ձեռքբերումները և գործունեության շրջանակներն, ընդգծել է, որ նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի և Հայաստանի միջև կարող է լուրջ համագործակցություն ձևավորվել։

 

Նախարարը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշել է, որ Հայաստանում նախատեսվում է կառուցել ինժեներական քաղաք, որտեղ ներկայացված կլինեն այնպիսի միջազգային կազմակերպություններ, որոնք հաջողությունների են հասել տեխնոլոգիաների ոլորտում, և առաջարկեց, որպեսզի իրանական կողմը նույնպես ներկայացված լինի։ Պրոֆեսոր Սայեդ Սարքարին ընդունելով առաջարկը՝ ընդգծել է այս ոլորտում համատեղ ծրագրերի կարևորությունը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՏՏ և նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, կապի և տրանսպորտի ոլորտում երկկողմ գործակցության շրջանակները մեծացնելու հետ կապված մի շարք հարցեր։