Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2016 17:39
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետ. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո գազի սակագները չեն փոփոխվի

ՀՀ վարչապետ. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո գազի սակագները չեն փոփոխվի

Արմինֆո. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո գազի սակագները չեն փոփոխվի: Այս մասին դեկտեմբերի 7-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով Տիգրան Ուրիխանյանի հարցին:

Նրա խոսքով, որևէ օբյեկտ նույնպես պարտքի դիմաց չի տրվի: Վարչապետն ընդգծել է, որ ներկայումս, ինչպես և նախկին տարիներին, ռուսական գազի սակագինը Հայաստանի համար եղել և մնում է ամենացածրը տարածաշրջանում: Ինչ վերաբերվում է ՀՀ կառավարության բաժնետոմսերի 20%-ը Գազպրոմին վաճառելուն, ապա, ըստ վարչապետի, այդ գործարքը ձեռնտու էր Հայաստանին, քանի որ ցանկացած պարագայում ոչ Հայաստանը, ոչ էլ Գազպրոմը, չէին կարող ստանալ դիվիդենտներ: Այնուամենայնիվ, վարչապետը նշել է, որ 20% բաժնետոմսերի վաճառքի մասին որոշումն ընդունվել է այն ժամանակ, երբ ինքը հանդիսացել է ռուսաստանյան մոնոպոլիստի երեք կառույցների ղեկավարներից մեկը, որոնք ոչ մի կերպ կապված չեն Հայաստանի հետ:

Նշենք, որ ռուսական գազի գինը Հայաստանում 2017 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը սահմանի վրա կլինի 150 դոլար 1 հազար խորանարդ մետրի դիմաց: Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև համապատասխան արձանագրություն ՀՀ կառավարության նիստի հավանությանն է արժանացել 2013 թվականի դեկտեմբերի 1-ի նիստում: Մինչև ապրիլը Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառել է 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց սակագնով: 2016 թվականի ապրիլի 7-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց իջեցնել գազի սակագները մինչև 150 դոլար և ստորագրվեցին համապատասխան փաստաթղթեր:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 25-ի կայացած նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը: Հանձնաժողովը որոշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները. 1) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան. ա. մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն), բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն), 2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը`ա. նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն), բ. ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառման դեպքում՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառման դեպքում՝ 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն), 3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն), 4) ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշված 1-3-րդ կետերով նախատեսված սպառողների, վաճառվող բնական գազի սակագինը՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն), 5) ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշված 1-3-րդ կետերով նախատեսված սպառողների, վաճառվող բնական գազի սակագինը 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն):

Իսկ ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է առավելագույնս նվազեցնել գազի սակագների ազդեցությունը բնակչության սոցիալապես անապահով խավերի վրա, ինչպես նաև ապահովել սակագների խթանող ազդեցությունը բիզնեսի զարգացման վրա, հատկապես գյուղատնտեսությունում և վերամշակման ոլորտում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:Գազափոխադրման համակարգում Ընկերության կողմից սպասարկվող մայրուղային գազատարերի և գազատար-ճյուղավորումների ընդհանուր երկարությունը կազմում է 1685 կմ: