Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2016 18:07
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետը Վրաստանի կառավարության կողմից մայր գազատարի բաժնետեմսերի 25%-ի հնարավոր վաճառքի առնչությամբ մտահոգվելու հիմքեր չի տեսնում

ՀՀ վարչապետը Վրաստանի կառավարության կողմից մայր գազատարի բաժնետեմսերի 25%-ի հնարավոր վաճառքի առնչությամբ մտահոգվելու հիմքեր չի տեսնում

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի կառավարության կողմից մայր գազատարի բաժնետեմսերի 25%-ի հնարավոր վաճառքի առնչությամբ մտահոգվելու հիմքեր առայժմ չի տեսնում: 

Կարեն Կարապետյանի խոսքով, ներկայումս խոսքը միայն մտադրությունների մասին է: «Բայց եթե անգամ Վրաստանի կառավարության կողմից համապատասխան որոշում ընդունվի, Հայաստանի համար ռիսկեր չեմ տեսնում»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ 25%-ը հարց չի լուծում: Բայց ռիսկերը կարող են մեծանալ, եթե տոկոսներն ավելանան: «Այդ դեպքում մենք բանակցություններ կանցկացնենք հարևան Վրաստանի հետ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկավիլին՝ հայտնել էին, որ եթե լինի համապատասխան շուկայական կոնյունկտուրա, Վրաստանի կառավարությունը  կքննարկի ֆոնդային բորսայում պետությանը պատկանող «Վրաստանի երկաթուղիների», ինչպես նաև «Նավթի և գազի կորպորացիայի» 25 տոկոս բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման հարցը: Ավելի վաղ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը /SOCAR/ հայտարարել էր վրացական գազատարը գնելու մտադրության մասին: Ռուսական գազի Հայաստան տարանցումն ապահովվում է հենց այդ գազատարի միջոցով, և ռազմավարական նշանակություն ունեցող այդ գազատարի մի մասի օտարման մասին որոշումը մտահոգությունների տեղիք է տալիս հայկական կողմի համար: