Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2016 14:12
Նաիրա Բադալյան

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրած ուղևորների թվով խոստանում է սահմանել պատմական ռեկորդ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրած ուղևորների թվով խոստանում է սահմանել պատմական ռեկորդ

Արմինֆո. 2016 թվականի արդյունքներով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրած ուղևորների թվով խոստանում է սահմանել պատմական ռեկորդ: Այս մասին դեկտեմբերի 20-ին կայացած մամուլի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:

 

Ըստ Ավետիսյանի, 2016 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով արդեն արձանագրվեց դրական դինամիկա`15% սահմաններում: Այնուհետև, ապրիլյան իրադարձությունների հետ կապված անկումը կազմեց 10%: Բայց հուլիսից հոկտեմբեր ժամանակահատվածում արդեն դինամիկան վերականգնվեց, իսկ այսօր աճը կազմում է ավելի քան 30%: «Այսօրվա դրությամբ մենք կարող ենք ասել, որ փոխադրած ուղևորների թվով արդեն հատել ենք 2 միլիոնի շեմը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Վստահորեն կարող եմ ասել, որ տարվա արդյունքներով կխփենք մեր պատմական ռեկորդը»,-հայտարարել է Ավետիսյանը, հիշեցնելով, որ այդպիսի «բարձրունքներ» Զվարթնոցն արձանագրել էր 1990 թվականին:

 

Ըստ Ավետիսյանի, պակաս կարևոր չէ, որ մեկնող և ժամանող ուղևորների միջև տարբերությունը, այսօրվա դրությամբ, գործնականում զրոյական է: «Մենք արձանագրել ենք մոտ 1 մլն.մեկնող և նույնքան էլ ժամանող ուղևորների: Ինչն անուղղակիորեն նշանակում է ներգնա տուրիզմի աճ, ինչը շատ կարևոր է երկրի տնտեսության զարգացման համար»,-հայտարարել է Սերգեյ Ավետիսյանը: