Հինգշաբթի, 12 Հունվարի 2017 22:46
Նաիրա Բադալյան

Կառավարությունում քննարկել են Վայոց ձորի մարզի ներդրումային ծրագրերը

Կառավարությունում քննարկել են Վայոց ձորի մարզի ներդրումային ծրագրերը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բիզնես ծրագրերը վերաբերում էին օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, կաթնամթերքի արտադրության զարգացմանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը, զբոսաշրջային հնարավորությունների կազմակերպմանը և այլն: Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորման և ֆինանսական գնահատականների վերաբերյալ:

 

«Ցանկացած գաղափար, որը կարող է հավելյալ արժեք ստեղծել, լավն է, բայց այն պետք է լինի առարկայական՝ քննարկելու և կյանքի կոչելու համար: Ով ունի նորմալ տրամաբանական նախաձեռնություն և հաջողակ գործարար է, նա պետք է իրականում զգա, որ մենք իր կողքին կանգնած ենք», - ընդգծել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը կարևորել է բիզնես ծրագրերի կոնկրետացումը՝ ակնկալվող արդյունքների ու ռիսկերի գնահատմամբ և հանձնարարել պատասխանատուներին՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով համատեղ ուսումնասիրել աջակցության հնարավորությունները: