Երեքշաբթի, 31 Հունվարի 2017 09:47
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կմեղմացվի լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների կողմից հարկային օրենսգրքով սահմանված ռոյալթիների վճարման կարգը

Հայաստանում կմեղմացվի լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների կողմից հարկային օրենսգրքով սահմանված ռոյալթիների վճարման կարգը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների կողմից հարկային օրենսգրքով սահմանված ռոյալթիների վճարման կարգը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արձագանքելով ձեռնարկությունների մտահոգություններին և ելնելով ձևավորված շուկայական պայմաններից՝ կառավարությունը որոշել է ընդառաջել բիզնեսի առաջարկություններին և 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքում նախատեսել մեղմացնող փոփոխություններ և   այդ նպատակով ՀՀ Ազգային ժողով ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկություններ: Արդյունքում՝ ակնկալվում է, որ 2018 թ.-ից կիրառվող ռոյալթիների հաշվարկման բազան էապես մոտ կլինի ոլորտում ձեռնարկությունների արտադրանքի իրացումից ստացվող հասույթի մեծությանը:  

Ավելի վաղ Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, աշխարհում հանքային արտադրության արժեքի 50-65% գործառնական և կապիտալ ծախսերն են, որոնց զգալի մասը ծախսվում է երկրի ներսում: Հարկերը և այլ վճարները միջինը կազմում են ևս 15-20%: Աշխատավարձերը, որոնց զգալի մասը դարձյալ երկրի ներսում է մնում, միջինը մոտ  10-20% են: Բաժնետերերի շահույթը, այսպիսով, միջինը մոտ 15-20% է: Հետևաբար ընկերությունը առյուծի բաժինը չի ստանում: Հատկապես զրոյից կառուցվող ծրագրերի, օրինակ, Ամուլսարի դեպքում: Հարկերի և ռոյալթիների մասին. հայաստանյան հարկային բեռը բոլորովին թեթև չէ: Համենայն դեպս օրենքը սահմանում է այլ երկրների հետ լիովին համադրելի հարկային բեռ: Հայաստանում հանքային ոլորտում կան լրացուցիչ հարկեր (ռոյալթիներ): Մոտավոր հաշվարկով. 4% հասույթից և 12,5% շահույթից՝ մինչև հարկումն ու տոկոսային ծախսերը: Շահութահարկի դրույքաչափը Հայաստանում 20% է: Եթե մոտավորապես համադրենք հանքային ոլորտի բոլոր հարկերը, կախված ծրագրից և մետաղի գներից, շահույթը կարող է հարկվել 40-50%, որը մոտ երկու անգամ ավելի շատ է քան այլ բիզնեսների պարագայում: Ներկայիս հրակային տոկոսադրույքների պահպանման դեպքում, նախնական հաշվարկի համաձայն, Ամուսարի 11 տարվա շահագործման ընթացքում ընկերությունը վճարելու է մոտ 488 մլն. դոլարի հարկ: