
Արմինֆո. 2016 թվականին մեկնարկել են և 2017 թվականին կշարունակվեն հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման աշխատանքները, որի նպատակն է ապահովել բնակչության ազատ տեղաշարժման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը` հունվարի 31-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տողի ունեցած ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկման ժամանակ։
Նախարարը զեկուցել է, որ հաշվետու տարում իրականացվել են տրանսպորտի, ճանապարհաշինության, կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման աշխատանքներ: Ընթացքի մեջ են «Հյուսիս- հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրով նախատեսված միջոցառումները: Երկաթուղու բնագավառում՝ գործարկվել է հայկական ուժերով վերականգնված T-3 մակարդակի էլեկտրագնացքը, Հայաստանի տարածքով փորձնական գործարկվել է բեռնափոխադրումների մուլտիմոդալ Եվրոպայից Իրան ծրագիրը: Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մշակվել է ՀՀ հաճախականությունների բաշխման Ազգային նոր աղյուսակը: Մեկնարկել են ՏՀՏ ոլորտի խթանման նպատակով օրենսդրական բարեփոխումների և ռազմավարական ծրագրերի մշակման աշխատանքները մասնավոր հատվածի հետ համատեղ:
Անդրադառնալով 2017 թ. գերակա խնդիրներին՝ Վահան Մարտիրոսյանը զեկուցել է, որ ուսումնասիրվել են մարզային համայնքների միջև ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցման բացակայության պատճառները և աշխատանքներ են տարվելու առկա խնդիրների վերացման ուղղությամբ: