Ուրբաթ, 3 Փետրվարի 2017 18:30
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկը գործարկում է Visa Virtual Account վիրտուալ քարտն առցանց գնումները վճարելու համար

Կոնվերս Բանկը գործարկում է Visa Virtual Account վիրտուալ քարտն առցանց գնումները վճարելու համար

Արմինֆո. Կոնվերս Բանկը ընդլայնում է  ինտերնետ միջավայրում ծառայությունները  և  առցանց գնումները նախընտրող իր հաճախորդներին է առաջարկում նոր սերնդի ՎԻԶԱ վիրտուալ քարտ՝ Visa Virtual Account:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Կոնվերս Բանկի  Visa Virtual Account-ը հնարավորություն է տալիս կատարել անվտանգ առցանց գնումներ և վճարումներ՝ խուսափելով պլաստիկ քարտերին առնչվող ռիսկերից, ինչպես նաև գնորդին ազատելով պլաստիկ բանկային քարտ ունենալու անհրաժեշտությունից:

 

Աղբյուրի համաձայն, «Visa Virtual Account-ը նախընտրողներին ֆիզիկական քարտի փոխարեն տրվում է առցանց հաշիվ և քարտային տվյալներ, որոնց մուտքագրմամբ կարելի է կատարել առցանց վճարումներ ինտերնետ խանութներում: Քարտն ունի օրական օգտագործման սահմանաչափ, որը հաճախորդը հնարավորություն ունի փոփոխել՝ նվազեցնելով ռիսկերը: Այն ապահով է, դեբետային, հեշտ կառավարվող և մատչելի՝ երեք տարվա  սպասարկման վճարը ընդամենը 1000 ՀՀ դրամ է»,- նշում է աղբյուրը:

 

Վիրտուալ՝ Visa Virtual Account քարտը կարելի է կառավարել ինտերնետ բենքինգի  միջոցով` կատարելով փոխանցումներ և դիտելով շարժերն ու մնացորդները: Կատարված գործարքների շարժին և մնացորդին առցանց հետևելու նպատակով քարտային տվյալները կարելի է նաև գրանցել Arca.am համակարգում: Visa Virtual Account կարելի է պատվիրել ՀՀ Դրամ, ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ և ՌԴ ռուբլի արժույթներով:

 

Ըստ ԱրմԻնֆո գոծակալության` «Հայկական բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, Կոնվերս Բանկի ակտիվ քարտերի, ինչպես նաև Visa քարտերի թվով գտնվում է առաջատարների հնգյակում: 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի Visa քարտերն ավելացել են 15.3%, մինչև 44.3 հազար քարտ: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվում Visa քարտերը կազմել են 33%: Կոնվերս Բանկի պլաստիկ գործարքների ծավալը տարեկան կտրվածքով ավելացել է 14.8%, մինչև 147.7 մլրդ.դրամ, այս ցուցանիշով 3-րդ տեղից բարձրանալով 2-րդ տեղ: Կոնվերս բանկը 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցել է 101 բանկոմատ և 572 սեփական POS- թերմինալ, տարեկան կտրվածքով աճը, համապատասխանաբար`8.6% և 27.4%: Կոնվերս Բանկը թողարկում և սպասարկում է նաև տեղական ArCa և միջազգային MasterCard քարտեր: