Հինգշաբթի, 9 Փետրվարի 2017 14:16
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետը հանձնարարել է վերացնել իրավաբանական անձանց լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները

Վարչապետը հանձնարարել է վերացնել իրավաբանական անձանց լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում  հանձնարարել է վերացնել իրավաբանական անձանց լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները:

Նրա խոսքով, բիզնեսի արտաքին տնտեսական գործունեության ակտիվության բարձրացման կարևորագույն գործիք կարող է հանդիսանալ լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի գործարկումը: Այն թույլ  է տալիս այդ օպերատորներին աշխատել պարզեցված մաքսային ընթացակարգերով, վճարումների կատարման առումով ստանալ բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրում և այլ հատուկ պարզեցված ընթացակարգեր: «Չնայած  այս ուղղությամբ դեռևս 2016թ. ստեղծվել է օպերատորի գործունեության իրականացման իրավական հենքը,  սակայն մինչև այժմ ոչ մի լիազորված տնտեսական օպերատոր չի հաշվառվել: Այս գործիքը պետք է ակտիվացնել»,-ասել է վարչապետը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը  հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ՀՀ ֆինանսների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների հետ համատեղ՝ 1-ամսյա ժամկետում վեր հանել և վերացնել իրավաբանական անձանց լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները, այդ թվում օրենսդրական և երկու ամսից զեկուցել թե քանի լիազորված տնտեսական օպերատոր է հաշվառվել։ Հանձնարարվել է նաև  2-ամսյա ժամկետում  իրականացնել հանրության իրազեկում: