Երեքշաբթի, 14 Փետրվարի 2017 16:35
Ալեքսանդր Ավանեսով

2017 թվականին Հայաստանում կշարունակվի էներգետիկայի ոլորտի մի շարք ներդրումային ծրագրերի իրականացո

Արմինֆո. 2017 թվականին Հայաստանում կշարունակվի էներգետիկայի ոլորտի մի շարք ներդրումային ծրագրերի իրականացումը: Այս մասին փետրվարի 14-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցած ներդրումային հանձնախմբի հերթական նիստում, որը վարել է նախարար Աշոտ Մանուկյանը, հայտարարել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը:

 

Նրա խոսքով, ընթանում են «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1», «Ագարակ-2»,  «Շինուհայր» և «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքները, որոնց ներդրումային գումարը կազմում է 50,5 մլն. դոլար։ «Հրազդան-Շինուհայր» 220կՎ օդային գծի կառուցման 26,5 մլն. դոլար ծրագրի շրջանակներում հնդկական «Կալպատառու» ընկերությունը շարունակում է շինարարությունը: Ծրագրի տնտեսումների հաշվին կկառուցվի նաև «Նոյեմբերյան-Լալվար» օդային գիծը, որի շինարարությունը կսկսվի գարնանը:

 

Նշենք, որ 2014 թ.-ին Համաշխարհային բանկը Հայստանի համար բացեց 40 մլն.դոլարի լրացուցիչ ֆինանսավորում, հուսալի էներգետիկ մատակարարման ծրագրի իրականացման շրջանակներում: Միջոցների վարկի տեսքով կուղղվեն «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1» երեք կայանների արդիականացման ծրագրին: Այդ երեք էլեկտրական ենթակայաններն արդեն շահագործվում են մոտ 45 տարի, և վերջին մի քանի տասնամյակների ընթացքում չեն վերանորոգվել: Ծրագիրն ուղղված է էներգամատակարարման հուսալիության բարելավմանը: