Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն ՀՀ Կոտայքի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը,
խորհրդակցությունը վարում էր փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, «ՓՄՁ ներդրումներե ՈՒՎԿ-ից, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ:
Ռոբերտ Մակարյանը նշել է, որ Կոտայքի մարզից ստացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 5 ներդրումային ծրագրի առաջարկ: Ներկայացված ծրագրերի շրջանակում նախատեսվում է մարզում հիմնել ժամանակակից հիդրոպոնիկ եղանակով աշխատող ջերմոցային տնտեսություն, կաշվի և կաշվե իրերի գործարան գործարկել, այգիների կարկտապաշտպան համակարգերի համար երկաթբետոնե կուստրուկցիաների և հենասյուների արտադրություն կազմակերպել, հիմնել կաթի վերամշակման արտադրամաս և ստեղծել ուսումնաարտադրական կենտրոն` գետնախնձորից ինուլին և պեկտին ստանալու նպատակով :
Պատասխանատուները շահառուների հետ համատեղ քննարկել են ներկայացված ծրագրերի ֆինանսական գնահատականները, նպատակահարմարությունն ու հիմնավորումները, ինչպես նաև ֆինանսավորման ուղղություններն ու աջակցության տարբերակները:
Քննարկումների արդյունքում որոշվել է թվով 4 ծրագիր համապատասխան եզրակացություններով ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը, մեկը` լրամշակել, քանի որ շահառուն ծրագրում լրացուցիչ փոփոխություններ էր նախատեսել:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |