Ուրբաթ, 3 Մարտի 2017 13:24
Նաիրա Բադալյան

ԿԳՆ-ում քննարկել են ՀԲ Կրթության բարելավման դրամաշնորհային ծրագրի մանրամասները

ԿԳՆ-ում քննարկել են ՀԲ Կրթության բարելավման դրամաշնորհային ծրագրի մանրամասները

Արմինֆո. ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` կրթության ծրագրերի պատասխանատու, Կրթության բարելավման ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեի   գլխավորությամբ: 
 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում մեր երկրում իրականացվել են համակարգային կարևոր փոփոխություններ` հանրակրթությունից մինչև բուհական համակարգ:
Հանդիպման առանցքում  եղել է ՀԲ-ի կողմից   հաստատված նոր դրամաշնորհային ծրագրի իրականացման մանրամասները: Հայաստանին  տրամադրվող  340 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հիմնական իրականացնողը Գնահատման և թեստավորման կենտրոնն է: Դրամաշնորհը 2 բաղադրիչ ունի` ավարտական միասնական քննություններում համակարգչային մեթոդների ներդրում. որպես փորձնական ծրագիր ընտրվել  է  «Ինֆորմատիկա և ՏՀՏ»  առարկան և երկրորդ` բուհական համակարգում ներդնել մագիստրոսական նոր կրթական ծրագիր` գնահատման համակարգի, թեսթավորման  և ուսումնական այլ բաղադրիչների վերաբերյալ:
 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀԲ-ի կողմից ակնկալվող  դրամաշնորհային նոր ծրագրին: Նախատեսվում է, որ այն կուղղվի դպրոցական համակարգի արդյունավետության  ուսումնասիրմանը, որի արդյունքում  կմշակվի ծրագիր դպրոցական շենքերի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

 

1992 թվականից Հայաստանը Համաշխարհային բանկի անդամ է, 1993 թվականից` Զարգացման միջազգային ասոցիացիայի անդամ: Այդ ընթացքում հանրապետությանը տրամադրվել է 2,3 մլրդ դոլար` վարկերի և դրամաշնորհների տեսքով: