Հինգշաբթի, 23 Մարտի 2017 15:55
Կարինա Մելիքյան

ՎԶԵԲ և ԿԲ կքննարկեն կապիտալի շուկայի ամրապնդման հնարավորությունը և դրամային վարկավորման ակտիվացումը

ՎԶԵԲ և ԿԲ կքննարկեն կապիտալի շուկայի ամրապնդման հնարավորությունը և դրամային վարկավորման ակտիվացումը

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) այսօր Երևանում կոնֆերանս են անցկացնում` քննարկելու  տեղական կապիտալի շուկայի ամրապնդումը և տեղական արժույթով վարկավորման ընդլայնումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է Եվրոբանկի մամուլի ծառայությունից, միջոցառման հիմքում ընկած է 2016թ. մարտին ածանցյալների տեղական շուկայի բարեփոխումների մասին Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը հետևող՝ ՎԶԵԲ-ի և ՀՀ ԿԲ-ի միջև հաջողված համագործակցությունը:

 

ՀՀ ԿԲ-ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը կբացի գիտաժողովը «Դրամական շուկան և ածանցյալները՝ Միջազգային և հայաստանյան հեռանկարները» պրեզենտացիայով: Ակնկալվում է, որ միջոցառմանը ներկա կգտնվի ավելի քան 100 մասնակից, այդ թվում` կարգավորողները և շուկայի մասնակիցները, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատությունների, բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները:

 

Կոնֆերանսը հիանալի հնարավորություն կընձեռի՝ քննարկելու Հայաստանի կապիտալի շուկայի վերջին զարգացումները և երկրում ավելի ուժեղ և տոկուն ֆինանսական ենթակառուցվածքի մշակմանն ուղղված հետագա քայլերը:

 

Ածանցյալների շուկայի և իրավական ու կարգավորող դաշտի զարգացումը գիտաժողովի մեկ այլ կարևոր թեմաներից է:

 

2016թ. հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանը կարևոր «ուղենիշ» է անցել՝ հաստատելով տեղական ֆինանսական շուկաները կարգավորող օրենքների փաթեթը և արժեթղթերի շուկայի մասին օրենքում փոփոխությունները:

 

Նոր օրենքը մշակվել է ՎԶԵԲ-ի հետ սերտ համագործակցությամբ: ՎԶԵԲ-ի Բաժնետերերի հատուկ հիմնադրամից ֆինանսավորված փորձագետներն համագործակցել են ՀՀ Կենտրոնական բանկի հետ իրավական բարեփոխումների շուրջ: Ծրագիրը նաև համակարգվել և աջակցություն է ստացել Սվոփերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիայի կողմից (ISDA):

 

ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Մարկ Դեյվիսն ասել է. «Մենք ողջունում ենք իշխանությունների վճռականությունը՝  իրականացնելու համատեղ մշակված այս ծրագիրը: Մեր նպատակները համընկնում են. բարելավել տեղական կապիտալի շուկայի գործունեությունը, բարձրացնել իրացվելիությունը և օպտիմալացնել կարգավորման գործընթացները՝ խթանելու թողարկման, առևտրային և հեջավորման գործունեությունը»:

 

ՎԶԵԲ-ի՝ Տեղական արժույթի և կապիտալի շուկայի զարգացման թիմը ներկայացնող՝ ծրագրի պատասխանատու Յացեկ Կուբասը հավելել է. «Հետևելով անցած տարի իշխանությունների կողմից իրականացված հաջող բարեփոխումներին, ՎԶԵԲ-ը ցանկանում է շարունակել զարգացնել Հայաստանի կապիտալի շուկան՝ համագործակցելով Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ շուկայի մասնակիցների շրջանում կարողությունների զարգացումն ուժեղացնելու նպատակով, հեջավորման այնպիսի գործիքի օգնությամբ, ինչպիսինն է արտարժույթի և տոկոսադրույքների ռիսկերի կառավարումը: 

 

2010թ. մայիսին ՎԶԵԲ-ը մեկնարկել է իր՝ Տեղական արժույթի և կապիտալի շուկայի նախաձեռնությունը՝ օժանդակելու ՎԶԵԲ-ի տարածաշրջանի որոշ մասերում արտասահմանյան կապիտալից և արտարժութային վարկերից չափազանց կախվածության (որը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում խոցելիության հիմնական պատճառ եր հանդիսանում) նվազեցմանը:

 

ՎԶԵԲ-ը Հայաստանում հանդիսանում է առաջատար ինստիտուցիոնալ ներդրող՝  ընդհանուր ներդրումները կազմել են ավելի քան 1.13 մլրդ եվրո 157 նախագծերում երկրի ֆինանսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի և կորպորատիվ ոլորտներում: Նախագծերի 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: 

 

ՎԶԵԲ-ը բազմակողմ բանկ է, որը հավատարիմ է շուկայական ուղղվածությամբ տնտեսությունների զարգացմանը և մասնավոր ու ձեռնարկատիրական նախաձեռնությունների խթանմանը ավելի քան 30 երկրներում՝ Մարոկկոյից մինչև Մոնղոլիա և Էստոնիայից մինչև Եգիպտոս: Բանկը պատկանում է 64 երկրների, Եվրամիությանը և ԵՆԲ-ին: 

 

Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ը հանդիսանում է Հայաստանի ինստիտուցիոնալ ներդրող: Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության սկզբից ի վեր Հայաստանում, մասնավորապես 1992-ից, բանկը 157 ծրագրերի իրականացմանը տարբեր ոլորտներին է ուղղել ավելի քան 1.13 միլիարդ եվրո, մասնավորապես, ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներին: Ընդ որում, այդ ներդրումների 88%-ն ուղղվել է մասնավոր հատվածին: